Անուշիկ Տոռոզյանը
Անուշիկ Տոռոզյանը
Անուշիկ Տոռոզյանը
Անուշիկ Տոռոզյանը
11:08 | 22.03.19 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 75783
Եթե ոչ վաղ անցյալում Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին տարիներին միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:
Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են:
Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:
Անուշիկ Տոռոզյանը UX դիզայնի (User Experience Design) մասնագետ է: Նա աշխատում է դոմեյնների գրանցմամբ զբաղվող ամերիկյան առաջատար GoDaddy ընկերությունում՝ որպես UX խորհրդատու: Անուշիկը նախկինում աշխատել է PicsArt ընկերությունում՝ որպես ղեկավար UX Architect:
Անուշիկ Տոռոզյանը
***
Սկսել եմ աշխատել ուսմանս առաջին տարիներից, երբ արդեն իսկ հետաքրքրված էի նորագույն տեխնոլոգիաներով: Ուսում էի ստանում որպես նկարիչ-դիզայներ եւ որոշեցի հենց այդ ուղղության մեջ փորձել ուժերս: Ինձ ոգեւորեցին նաեւ ոլորտի հեռանկարները, եւ այդ ամենը հաշվի առնելով՝ սկսեցի սովորել համապատասխան ծրագրերը:
***
ՏՏ ոլորտում աշխատանքը եւ ընտանիքը համատեղելն ունի մեկ հիմնական բարդություն. շատ ընկերություններ աշխատում են ամերիկյան ու այլ արտասահմանյան ընկերությունների հետ ու երբեմն անհրաժեշտություն է առաջանում աշխատել ուշ ժամերի, ինչն էլ անդրադառնում է ընտանիքի վրա:
***
ՏՏ ոլորտում աշխատող կանայք առանձնահատուկ են: Նրանք տարբերվում են աշխատասիրությամբ ու պատասխանատվության մեծ զգացողությամբ: Իմ շրջապատից դատելով կարող եմ ասել, որ ՏՏ ոլորտի կանայք չափազանց շատ են կարեւորում ինքնազարգացումը:
***
Անուշիկ Տոռոզյանը
Կասեի, որ մասնագիտությունիցս ելնելով պետք է միշտ տեղյակ լինեմ բոլոր տեխնո նորարարություններից: Նոր iPhone ունենալն ինձ համար պարտադիր չէ, բայց, աշխատանքի բնույթից ելնելով, շատ ժամանակ եմ անցկացնում հետեւելով տարբեր ծրագրերի դիզայններին ու փոփոխություններին:
Յուրաքանչյուր նոր սմարթֆոն իր հետ նոր գործառույթներ է ի հայտ բերում եւ ցանկալի է փորձարկել այդ հնարավորությունները ու հասկանալ, թե ինչպես է հնարավոր տվյալ սմարթֆոնի հարմարավետ օգտագործման համար ծրագրեր ստեղծել:
***
Անուշիկ Տոռոզյանը
Կնոջ աչքերով կարող եմ ասել, որ ՏՏ ոլորտի մարտահրավերներից է այն, որ պետք է որքան հնարավոր է շատ տեղեկացված լինես ծրագրերից, նորություններից ու քանի որ ամեն ինչ փոխվում է շատ արագ, պետք է կարողանալ հեշտորեն սովորել բոլոր ծրագրերը ու մեթոդներ, անգամ նոր մասնագիտությունները: Ի դեպ, իմ մասնագիտությունն էլ է բավական նոր:
***
Կանանց եւ աղջիկներին, որոնք առաջին քայլերն են անելու ՏՏ ոլորտում, կոչ եմ անում չհանձնվել, չհիասթափվել, այլ համբերատար գնալ առաջ։ Դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելի են: Եթե սիրեն այն, ինչ անում են, հաջողությունների կհասնեն:
Նարինե Դանեղյան