13:03 | 15.03.19 | Նորություններ | exclusive 16203
Երեւանում են Սան Ֆրանցիսկոյում եւ Լոնդոնում տեղակայված Index Ventures վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները, որոնք այս օրերին հանդիպումներ են ունենում հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ, տրամադրում խորհրդատվություն:
Մարտի 14-ին «Թումո» կենտրոնում անցկացվեց Index Ventures Armenia Tech Summit-ը, որի շրջանակում տեղի ունեցավ 3 պանելային քննարկում՝ «Ներդրումներ զարգացող շուկաներում», «Սաղմնային փուլում ներդրումների ստացում» եւ «Կարեւոր իրավաբանական եւ հաղորդակցական խորհուրդներ» թեմաններով:
«Index Ventures-ը միշտ հավատացել է, որ ձեռներեցությունը կարող է ի հայտ գալ Սիլիկոնյան հովտից դուրս: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տարի, մենք այցելում ենք որեւէ զարգացող ստարտափ էկոհամակարգ, ինչպես Հայաստանն է, ստարտափներին մենթորություն տրամադրելու նպատակով»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Index Ventures-ի տնօրեն եւ HIVE Ventures-ի հիմնադիր Նինա Աչաջյանը:
Միջոցառման ավարտին հայաստանյան 10 ստարտափներ մասնակցեցին փիչինգ մրցույթի՝ իրենց լուծումները ներկայացնելով Index Ventures-ի թիմին: Թեեւ հիմնադրամի թիմը նախատեսում էր ներդրում կատարել 1 ստարտափում ($25 հազ.), սակայն փիչերը լսելուց հետո որոշեց ֆինանսավորում տրամադրել միանգամից 3 ստարտափի: Դրանք են՝
Embry ստարտափը, որը ստեղծել է քաշի կառավարման նոր սերնդի կրելի սարք, ստացավ $10 հազ. ներդրում:
D'efekt ստարտափը, որի ստեղծած հավելվածը հնարավորություն է տալիս արհեստական բանականության կիրառմամբ ստեղծել բազմատեսակ վիզուալ նյութեր եւ կիսվել դրանցով, ստացավ $15 հազ. ներդրում:
RetentionForce ստարտափը, որի մշակած լուծումը թույլ է տալիս պահել հաճախորդների հետաքրքրությունը գեղեցկության սրահների նկատմամբ, ստացավ $25 հազ. ներդրում:
Նարինե Դանեղյան