11:37 | 19.02.19 | Հոդվածներ | exclusive 151734

«Վերջին ծուռը»՝ վիդեոխաղ Սասունցի Դավթի մասին

Խաղերի մշակմամբ զբաղվող հայկական Cyber Mantis Games ընկերությունը ներկայում աշխատում է «Վերջին ծուռը» վիդեոխաղի ստեղծման վրա, որը նվիրված է Սասունցի Դավթին:

Hack and slash ոճի խաղի մշակմամբ զբաղվում է ընկերության 8 հոգանոց թիմը:

Cyber Mantis Games-ի թիմը Cyber Mantis Games-ի թիմը

Cyber Mantis Games-ի գործադիր տնօրեն Ալբերտ Հովակիմյանը Itel.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում պատրաստ կլինի խաղի դեմո տարբերակը:

«Ծրագրում ենք խաղի դեմո տարբերակը ցուցադրել ոլորտի կարեւոր մարդկանց՝ կարծիքներ եւ առաջարկներ լսելու համար: Ցանկանում են նաեւ պայմանագիր կնքել indie խաղերի հրատարակչի՝ օրինակ, Devolver Digital-ի կամ Raw Fury-ի հետ»,- նշել է նա:

Հատված «Վերջին ծուռը» վիդեոխաղից Հատված «Վերջին ծուռը» վիդեոխաղից

Cyber Mantis Games-ը 2018թ. նոյեմբերին դրամաշնորհ է ստացել ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) շրջանակում: Ալբերտ Հովակիմյանի խոսքով, ստացված դրամաշնորհը կօգտագործեն խաղի մշակման համար, որին կհետեւի պայմանագիրը խաղային ոլորտի հրատարակչի հետ:

Հատված «Վերջին ծուռը» վիդեոխաղից Հատված «Վերջին ծուռը» վիդեոխաղից

«Այս ոլորտում նորեկների համար շուկայում առաջխաղացումն ավելի հեշտ է ստացվում, երբ քեզ օգնում է վիդեո խաղերի արդեն կայացած հրատարակիչ: Մինչ դրամաշնորհի ստացումը մենք ունեինք մեր խաղի տեխնիկական դեմո տարբերակը: Ներկայում խաղում շտկումներ ենք կատարում, մեծացրել ենք թիմը»,- նշել է Ալբերտ Հովակիմյանը, հավելելով, որ «Վերջին ծուռը» խաղը հասանելի կլինի եվրոպական գրեթե բոլոր տարածված լեզուներով: