14:36 | 18.02.19 | Նորություններ | 8917

Beeline-ը եւ ԳԱԿ-ը գրքեր են նվիրել Հովհ. Թումանյանի 150-ամյակի առթիվ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Beeline-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գիրք նվիրելու արարողություն՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի եւ Գիրք նվիրելու միջազգային օրվա առթիվ:

Հատուկ միջոցառման ընթացքում ԳԱԿ-ը եւ Beeline-ը Հայաստանի ազգային գրադարանին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին, Երեւան քաղաքի վարչական, ինչպես նաեւ Հայաստանի մարզային գրադարաններին (թվով 62 գրադարան) նվիրել են «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գրքի 100 օրինակ:

Գրքերն առանձնահատուկ են նրանով, որ նկարազարդվել են երեխաների կողմից, ովքեր 2016-2017 թթ. մասնակցել են Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ում իրականացվող «Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագրին:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կարեւորելով Ամենայն Հայոց Բանաստեղծի 150-ամյակը եւ Գիրք նվիրելու միջազգային օրվա խորհուրդը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն այս քայլով կնպաստի հայ ընթերցողների առօրյան գեղեցկացնելուն՝ հնարավորություն ընձեռելով բոլորիս հարազատ թումանյանական ստեղծագործություններն ընթերցելու մանուկների հեղինակած գունագեղ նկարազարդումներով: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցություն տրամադրելու համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Հանդիպում գրքի հետ» նախագիծը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ իրականացված ամենահաջողված նախագծերից է, եւ այսօր շատ հաճելի է, որ մեծագույն հայ հեղինակներից մեկի 150-ամյակին այս գրքերը մենք կարող ենք փոխանցել Հայաստանի գրադարաններին: Մենք միշտ ուրախ ենք եւ պատրաստ նպաստել մեր երեխաների ստեղծագործական եւ գեղագիտական զարգացմանը»,- ընդգծել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: