13:05 | 08.02.19 | Նորություններ | 2805

Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը եւ ռազմարդյունաբերությունը` կառավարության ծրագրում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կառավարության հնգամյա ծրագիրը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հրապարակել է կառավարության ծրագրի` բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական եւ թվայնացման հատվածը, որին կարող եք ծանոթանալ ստորեւ:

Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը եւ ռազմարդյունաբերությունը

- Բարձր տեխնոլոգիաները

Կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր: Այս նպատակին հասնելու եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար կիրականացվեն նպատակային քայլեր:

Մասնավորապես նախատեսվում են՝

- ստեղծել ազգային վենչուրային ներդրումային ֆոնդ, որն ի վիճակի կլինի Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կատարել անհրաժեշտ ներդրումներ՝ դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա դուրս գալն ապահովելու նպատակով.

- դրամաշնորհային ծրագրերի միջոցով նպաստել ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը.

- ստեղծել ձեռներեցության, գործարարական, վաճառքի եւ մարքետինգի գիտելիքների զարգացման մեխանիզմներ՝ օգտագործելով միջազգային աքսելերատորների հետ համագործակցելու հնարավորությունները.

- նպաստել Հայաստանում աքսելերատորների ստեղծմանն ու զարգացմանը եւ մշակել համատեղ ծրագրեր՝ ստարտափների ինտենսիվ զարգացումն ապահովելու նպատակով.

- Հայաստանում ինտելեկտուալ սեփականության միջազգային ճանաչման եւ դրա պաշտպանության համար ստեղծել պատշաճ մեխանիզմներ եւ օրենսդրական դաշտ.

- նպաստել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մրցունակության բարձրացմանը՝ «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտի միջոցով.

- մշակել եւ իրագործել Հայաստանի, որպես ստարտափ եւ տեխնոլոգիական կենտրոնի, միջազգային հեղինակությունը բարձրացնելու ծրագիր:


Բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար Կառավարությունը նախատեսում է՝

- մշակել եւ իրագործել բարձր տեխնոլոգիական հայկական ապրանքների եւ ծառայությունների՝ արտերկրում առաջխաղացման եւ վաճառքի ծրագիր.

- Երեւանում եւ մարզերում ստեղծել եւ զարգացնել տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաեւ ապահովել արդեն գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեությունը՝ այդպիսով ապահովելով բավարար տեխնոլոգիական եւ արտադրական հնարավորություններ՝ որպես պլատֆորմ հետագա զարգացման համար.

- նոր տեխնոլոգիաների եւ գիտելիքի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն, վարկանիշի բարձրացման նպատակով ապահովել պայմաններ եւ ձեռնարկել ակտիվ քայլեր՝ միջազգային բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին Հայաստան ներգրավելու նպատակով.

- նպաստել տեխնոլոգիական ընկերությունների եւ բուհերի արդյունավետ համագործակցությանը՝ կադրերի պատրաստման նպատակով։

Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման եւ բարձրացման, տնտեսական աճի, գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս նպատակի իրականացման համար Կառավարությունը նախատեսում է՝

- կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաեւ ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ նախորոշելով տեխնոլոգիական վերազինումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումներից կախվածության նվազեցումը.

- շեշտակի ավելացնել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ծավալը եւ այն դարձնել արդյունաբերության ոլորտի առաջատար ճյուղերից մեկը՝ կարեւորելով զինված ուժերի զարգացման ծրագիրը եւ դրանից բխող միջոցառումները.

- ռազմական ոլորտում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակի բարձրացումը եւ նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ եւ դրա շնորհիվ հայրենական ռազմական ապրանքների մրցունակության կտրուկ բարձրացումը միջազգային շուկաներում՝ հաշվի առնելով հակամարտություններում տեխնոլոգիական բաղադրիչների կշռի սրընթաց ավելացումը.

- հետամուտ լինել ռազմարդյունաբերության եւ գիտակրթական համակարգի հետ համագործակցության հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին ռազմարդյունաբերության ոլորտում.

- ստեղծել ռազմարդյունաբերության ինստիտուտ՝ պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրության եւ առաջադրանքների ձեւավորման նպատակով.

- հետամուտ լինել հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի առաջխաղացմանը եւ վաճառքի ռազմավարության մշակմանն ու իրականացմանը:

- Կապը եւ թվայնացումը

Կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի եւ տեխնոլոգիաների հիման վրա կառավարման արդյունքում նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացումը, հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ եւ միջազգայնորեն մրցունակ ծառայությունների ապահովումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը եւ բնակչության կյանքի որակի բարձրացմանը:


Այս նպատակի իրականացման համար Կառավարության նախատեսած քայլերն են՝

- Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում թվային տնտեսության անընդհատ աճող պահանջների արդյունավետ փոխգործակցման եւ սպասարկման համար արդի պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների ներդրումը՝ ապահովելով տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգության եւ անձնական տվյալների պաշպանություն, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից
էլեկտրոնային ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակների զարգացում.

- պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող տեղեկատվության թվայնացման, միասնական եւ համապարփակ տեղեկատվական շտեմարանների ձեւավորման, պետական տեղեկատվական ծրագրերի համաժամանակեցման իրականացում, տեղեկատվական համակարգերի փոխադարձ համալրում եւ ռացիոնալ օգտագործում.

- պետական կառավարման մարմինների կողմից թվային տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության բարձրացում, ծախսերի կրճատում, ստացվող արդյունքի մաքսիմալացում, քաղաքացիներին տրամադրվող տեղեկատվության եւ ծառայությունների որակի բարելավում.

- տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված պետական ստանդարտների մշակում, ներդրման ապահովում եւ վերահսկողություն.

- միջազգային զարգացումներին համապատասխան տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի պետական ստանդարտների մշակում, ներդրում եւ վերահսկողություն՝ միջազգային մրցունակության եւ համագործակցության խթանման նպատակով.

- ռադիոեթերի որակի վերահսկման նպատակով բազային եւ շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրում.

- Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ, շարժական եւ ամրակցված գերարագ ինտերնետ կապի հասանելիության ապահովում.

- թվային ինտերակտիվ հեռուստատեսության արդիականացում.

- միջազգային հեռահաղորդակցության միությունում եւ այլ միջազգային կառույցներում մասնակցություն տիեզերքի խաղաղ օգտագործման, օպտիկական կապուղիների ցանցերում ինտեգրման, ինֆորմացիայի տարանցման, կիբեռանվտանգության եւ այլ միջազգային ծրագրերում՝ կապի եւ թվային ենթակառուցվածքների, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների զարգացման եւ տնտեսության տարբեր բնագավառներում օգտագործման ապահովում: