14:15 | 05.02.19 | Նորություններ | 2019

Անվտանգ համացանցի օր. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել առցանց տիրույթում բարի լինել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը փետրվարի 5-ին՝ Անվտանգ համացանցի օրը, հանդես է եկել կոչով՝ զգուշացնելով Հայաստանում համացանցի օգտատեր 15–24 տարեկան երիտասարդների առցանց բռնության, կիբեր բուլիինգի եւ թվային ոտնձգությունների ենթարկվելու վտանգի մասին:

Կազմակերպությունը կոչ է արել առցանց տիրույթում լինել բարի, համացանցը բոլորի համար անվտանգ դարձնելու ջանք չխնայել, ինչպես նաեւ համաձայնեցված գործել կանխարգելելու ու վերջ դնելու համացանցում երեխաների եւ երիտասարդների հանդեպ բռնությունը:

Անվտանգ համացանցի օրվա այս կոչը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ավելի քան 160 երկրից ավելի քան 1 մլն երիտասարդների մասնակցությամբ իրականացրած հարցումների արդյունքների վրա: Երիտասարդները բովանդակալից պատասխաններ են տվել, թե ինչ պետք է անեն իրենց ծնողները, ուսուցիչները եւ քաղաքականություն մշակողները երեխաների անվտանգությունը պաշտպանելու համար: Նրանց կարծիքով բուլիինգը եւ կիբեր բուլիինգը կանխարգելող ամենահզոր գործիքներից մեկը բարությունն է:

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից եւ համացանցի ստեղծումից երեսուն տարի անց, վրա է հասել մի ժամանակ, երբ կառավարությունները, ընտանիքները, կրթօջախները եւ հատկապես մասնավոր հատվածը պետք է երեխաներին եւ երիտասարդներին դնեն թվային քաղաքականության կենտրոնում: Պաշտպանելով վատագույնից՝ համացանցը պետք է առաջարկի ու հասանելի դարձնի լավագույնը. մենք յուրաքանչյուրս կարող ենք օգնել ճիշտ հաշվեկշիռ սահմանել այս գործում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Բարձր եկամուտ ունեցող երկրներում կիբեր բուլիինգի տարածվածության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալների համաձայն՝ երեխաների եւ երիտասարդների 5–21 տոկոսը կիբեր բուլիինգի զոհ է դառնում: Ի դեպ, աղջիկների՝ կիբեր բուլիինգի ենթարկվելու հավանականությունն ավելի բարձր է, քան տղաների դեպքում: Աշխարհում 15–24 տարեկան երիտասարդների միջինը 70,6 %-ը համացանցի օգտատեր է:

«Հայաստանում առցանց բնակչությունը գնալով ավելի է երիտասարդանում. մինչեւ 15 տարեկան երեխաների 54,1 %-ը համացանցի օգտատեր է: Չնայած նրան, որ ավելի մեծ տարիքի երեխաներն ավելի հավանական է, որ ենթարկվեն կիբեր բուլիինգի, ոչ մեկը պաշտպանված չէ վտանգավոր բովանդակությունից, սեռական շահագործումից եւ թիրախավորված վիրավորանքներից»,- ընդգծել են ՅՈՒՆԻՍԵՖ-ում:

Կազմակերպությունում ընդգծել են, որ կիբեր բուլիինգը կարող է մեծ վնաս հասցնել, քանի որ կարող է արագ հասնել լայն լսարանի. այն կարող է անորոշ ժամանակով մնալ առցանց կամ «հետեւել» իր զոհերին ամբողջ կյանքում: Նշվում է, որ կիբեր բուլիինգի զոհերը ավելի հակված են ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործմանը եւ դպրոցից հաճախ բացակայելուն։ Ավելի հավանական է նաեւ, որ նրանք վատ գնահատականներ ստանան, ցածր ինքնագնահատական եւ առողջական խնդիրներ ունենան։ Ծայրահեղ դեպքերում կիբեր բուլիինգը նույնիսկ ինքնասպանության է դրդում։