Երեւանում կկառուցվի Ինովացիայի եւ տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը:
«Գալաքսի» ընկերությունների խմբից հայտնում են, որ «այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6 000 առաջատար մասնագետների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաեւ ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա եւ հեռահաղորդակցության ոլորտներում»։
«Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկը կտարբերվի իր տեսակով ու մասշտաբով։ Ներկայումս աշխարհում բազմաթիվ են փոքր ու միջին պարկեր բացառապես ՏՏ կամ ինժեներական ուղղությամբ։ Երեւանում կառուցվող պարկը ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների շրջանում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների եւ ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։
Նորարարության եւ տեխնոլոգիաների պարկի փիլիսոփայությունը ինովացիաներ ծնող «էկոհամակարգի» ստեղծումն է, որը հնարավոր կլինի կրթական, հետազոտական եւ զարգացման մասշտաբային ծրագրերի իրականացմամբ եւ ոլորտը ներկայացնող կառույցների ներգրավմամբ։ Պարկում ներկայացված կլինեն «սթարթ-ափներ» ու վենչուրային ֆոնդեր, կներդրվեն «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր։
Պարկը հավակնում է դառնալ այն հավաքատեղին, որտեղ ՏՏ-ն հանդիպելով տնտեսության առանցքային ուղղությունների հետ, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների եւ ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտը աշխարհում։ ս
Ծրագրի նախաձեռնությունը «Գալաքսի» ընկերությունների խմբինն է՝ հայկական ՏՏ համայնքի հետ համատեղ։ Գործընթացի պլանավորման աշխատանքները տեւել են ավելի քան 2 տարի, եւ մասշտաբային այս ծրագրի մանրամասները կհրապարակվեն շուտով», - ասված է հաղորդագրության մեջ: