Ռուսական Deworkacy գործարար տարածքների ցանցը հայտարարել է հայաստանյան շուկա դուրս գալու եւ Երեւանում քովորքինգ տարածք գործարկելու մասին:
Ինչպես հաղորդում է Rusbase բիզնես պորտալը, Deworkacy-ն կդառնա ռուսական համանման առաջին ցանցը, որը կընդլայնի իր բիզնեսը ՌԴ սահմաններից դուրս:
Deworkacy-ն Երեւանում կսկսի գործել փետրվարի 5-ից: Տեղակայված կլինի «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» (ԱՕԿՍ) ՀԿ-ի տարածքում:
Տարածաշրջանային գործադիր տնօրեն կդառնա Ջուլյա Թումասյանը:
Ծառայությունների թվում են աշխատանքային տարածքները, բանակցությունների եւ գործնական միջոցառումների համար նախատեսված սրահները: Քովորքինգ տարածքը Deworkacy-ի բոլոր ռեզիդենտների համար կգործի անվճար սկզբունքով, ուստի ցանցի հաճախորդները կկարողանան Հայաստան մեկնել երկար ժամանակով:
Deworkacy-ում նշել են, որ «արտասահմանում քովորքինգի համար Երեւանի ընտրությունը պայմանավորված է մեծ թվով ամերիկացի ներդրողների եւ հյուրընկալ մշակույթի, ինչպես նաեւ ձեռնարկատիրական միջավայրի առկայությամբ»: Փետրվարի 22-ին Երեւանում նախատեսված է առաջին միջոցառումը:
Banks.am-ի հետ զրույցում Deworkacy Yerevan AOKS-ում նշել են, որ բաց են ՏՏ կազմակերպությունների, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության համար: