11:29 | 21.12.18 | Նորություններ | 13570

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների:

Երեխաներն ավելի վաղ Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպել էին «Թումո» կենտրոնում եւ ցանկություն հայտնել այցելել ընկերության գլխավոր գրասենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային առօրյային, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հիմունքներին ծանոթանալու համար:

Հանդիպման ընթացքում ընկերության հյուրերը լսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, ծանոթացել հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկություններին ու զարգացման միտումներին, ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում դրված հիմնարար արժեքներին:

Ընկերության զանգերի եւ սպասարկման կենտրոններում կազմակերպված շրջայցի ընթացքում, երեխաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հեռահաղորդակցության ոլորտում բաժանորդային սպասարկման աշխատանքի նրբություններին եւ առանձնահատկություններին:

Երեխաների հետ զրույցում Ռալֆ Յիրիկյանը պատմել է հաջողության իր բանաձեւի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երեխաներին խորհուրդ է տվել միշտ ձգտել ավելիին եւ կարեւորել փորձի փոխանակումն ու շփումը: Գործարարը խրախուսել է մասնակիցներին երբեւէ չխուսափել որեւէ աշխատանքից, ջանալ դրանից գիտելիք եւ հմտություններ ձեռք բերել.

«Երբեք մի խորշիր «սեւ» աշխատանքից, եթե դա քո պարտականությունն է: Ցանկացած աշխատանք պահանջում է հմտություն: Աշխատանքը ջանք է, որ արժանի է հարգանքի: Վաղը դու կկարողանաս գնահատել այդ աշխատանքի արդյունավետությունն ու այդ աշխատողին, միայն եթե դու այսօր ինքդ կատարես այդ աշխատանքը՝ ինքնուրույն»,- նշել է նա:

Զրույցի ընթացքում մասնակիցները Ռալֆ Յիրիկյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերն ու խորհուրդներ ստացել՝ հաջողության սեփական ուղին կերտելու վերաբերյալ: