10:48 | 18.12.18 | Նորություններ | 4183
Հայտնի են դարձել դեկտեմբերի 14-ին ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի վենչուրային համաժողովի հաղթողները:
Մրցույթին, որը կազմակերպվել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ, մասնակցության հայտ էր ներկայացրել 41 թիմ, որոնցից 14-ը վենչուրային համաժողովի ընթացքում իր գաղափարներն է ներկայացրել ժյուրիին:
Դրամաշնորհի է արժանացել 5 թիմ: Դրանք են՝
- ՆԵԿ Նոր Եռաչափ Կոնստրուկտոր - գործիք, որի նպատակն է ապահովել անշարժ գույքի եռաչափ վիզուալիզացումը օնլայն կայքում։
-PayVA - կորպորատիվ վճարման համակարգ, որն ընկերություններին օգնում է իրականացնել իրենց աշխատողների ամենօրյա ծախսերը եւ դրանց հաշվարկները՝ առանց որեւէ հաշվետվության, կանխիկի կամ կտրոնների։
- Rendline - օնլայն զարդերի ռենդերինգի ավտոմատացված առաջին ծառայությունը, որը նախատեսված է բարձր որակի ռենդերինգներ ստանալու համար:
- AR Magic - հայկական հեքիաթների մոտիվներով մշակված ներկելու գրքերի առաջին ժողովածուն՝ նախատեսված 3-ից 10 տարեկան երեխաների համար: Այն հնարավորություն է տալիս փոքրիկներին դիտել սեփական երեւակայությամբ գունավորված եռաչափ մուլտֆիլմը, ունկնդրել հայերեն եւ անգլերեն լեզուներով ձայնագրված աուդիոգիրքը՝ լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով:
- Drone Platform for Researchers - ստարտափի մշակած սարքը ինքնաթիռ է, սակայն ուղղաթիռի նման կարողանում է թռչել ցանկացած տեղանքից եւ վերադառնալ: Այն կարող է թռչել մինչեւ 3 ժամ եւ տեղափոխել 1 կգ օգտակար քաշ: Փոխադրելի չափսը 1.2մx0.6մx0.5մ է, իսկ թռիչքային չափսը՝ 2.2մx0.8մ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր խոսքում ամփոփել է հիմնադրամի կողմից 2018թ. իրականացրած այն ծրագրերը, որոնք ֆինանսավորել են գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նաեւ նորաստեղծ կազմակերպություններին ու տեխնոլոգիական ընկերություններին:
«Կարող եմ արձանագրել, որ աննախադեպ տարի ենք ունեցել: Անչափ ուրախ ենք, որ EU4Business STEP2-ը շատ արդյունավետ անցավ: Ունեցանք 57 դիմող, որոնցից վենչուրային ֆորումի եզրափակիչ փուլ անցավ 31-ը, նրանցից 15-ն էլ հաղթող ճանաչվեց։ Պետք է ասեմ, որ ժյուրիի համար իսկապես բարդ ընտրություն էր, քանի որ բոլորն էլ լավ թիմեր էին եւ ունեին շատ լավ գաղափարներ։ Բացի դա, 2018թ. ունեցել ենք 6 հաղթող՝ Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհներով (IMG), 14-ը՝ ԻԼՏԿ (ISTC) հետազոտական դրամաշնորհներով, 5-ը՝ «Գաղափարից դեպի շուկա» STEP-2018 ծրագրով»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:
Նա տեղեկացրել է, որ ներկայում հայտարարում են հետազոտական դրամաշնորհների աջակցման ծրագիր՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հետ համատեղ:
«Այդ համագործակցության շրջանակում արդեն իսկ աջակցություն ենք ցուցաբերել տարբեր բուհերի 36 մագիստրանտների, ինչպես նաեւ մեկնարկել է ասպիրանտների համար ծրագիրը, որի հաղթողները հայտնի կդառնան 2019թ.»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:
ՁԻՀ տնօրենի խոսքով, նշված բոլոր ծրագրերը մեծ ազդեցություն ունեն Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի համար:
«Այդ ծրագրերն ունեն բարձր արդյունավետություն՝ թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման, թե՛ նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման, թե՛ նոր ներդրումների ներգրավման տեսակետից։ Ուստի պետք է շարունակել եւ ընդլայնել դրանց իրականացումը նաեւ 2019թ.»,- ամփոփել է Բագրատ Ենգիբարյանը: