17:36 | 03.12.18 | Նորություններ | 4160

50 պատանի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մասնակցել է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ` «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումն այս տարի անցկացվել է նաեւ Լոռու մարզում տեղակայված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից:

Արդեն երկրորդ տարին է, ինչ այս միջոցառումն անցկացվում է նաեւ այն համայնքներում, որտեղ ծրագրեր է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամը։

Լոռու մարզի Դեբետ, Դսեղ, Ձորագյուղ, Եղեգնուտ եւ Վահագնի համայնքների ավագ դպրոցի 50-ից ավելի աշակերտներ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից հիմնված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ծանոթացել են ծրագրավորմանը, առաջին անգամ գրել իրական կոդ եւ լուծել տրամաբանությունը զարգացնող տարբեր խնդիրներ։ Այս ամենը մասնակիցները սովորել են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:

«Այս նախաձեռնությունը ոչ միայն կապում է գյուղական համայնքները աշխարհի տարբեր կետերի հետ, այլեւ իրազեկում ու քաջալերում է ավագ դպրոցի աշակերտներին՝ հավաստիացնելով, որ ծրագրավորումը հասանելի ու հասկանալի է բոլորի համար»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Իննեսա Գրիգորյանը։

Renderforest հայկական ընկերությունը եւս միացել է այս նախաձեռնությանը։ Ընկերության ՏՏ մասնագետներն աշխատել են միջոցառման մասնակիցների հետ տարբեր խնդիրների շուրջ, լուծել ծրագրավորմանն հետ առնչվող խնդիրներ: Միջոցառման ավարտին մասնակիցների համար «Ավելին քան ծրագրավորում» թեմայով սեմինար է անցկացրել ընկերության ծրագրավորող Խաչատուր Վիրաբյանը:

«ՍՄԱՐԹ կենտրոնի նման հաստատությունները հնարավորություն են ընձեռում գյուղական համայնքներում բնակվող երեխաներին հարստացնել իրենց գիտելիքները եւ զարգացնել նրանց հմտությունները, եւ մենք ամեն կերպ փորձում ենք օգտվել այդ ենթակառուցվածքներից եւ կազմակերպել ծրագրավորմանն ուղղված տարբեր միջոցառումներ»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը: