16:46 | 30.11.18 | Նորություններ | 13381

Beeline-ը եւ Եվրասիա միջազգային համալսարանը կհամագործակցեն

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել եւ զարգացնել նոր կրթական ծրագրեր ավագ դպրոցի, բարձրագույն կրթության մակարդակներում եւ հետբուհական ուսումնառությանն ուղղված, իրականացնել ոլորտին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ, նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսության մեջ կառավարման մշակույթի վերափոխմանը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով, հաստատել փոխշահավետ եւ բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ:

«Ընթացիկ բարեփոխումների հետ կապված՝ բարձրագույն մասնագիտական կրթությունը գտնվում է անցումային փուլում: Համընդհանուր տեսականացված մասնագիտական ուսուցումն աստիճանաբար իր տեղը զիջում է գործնական մասնագիտական հմտություններին: Մեր նպատակն է զուգակցել տեսական եւ գործնական ուսուցումը, ինչի համար անհրաժեշտ է համագործակցել բիզնես ոլորտի հետ, եւ «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության կրթական ծրագիրը իրականացնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հետ համատեղ»,- նշել է Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

«Լինելով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մենք ծայրահեղ շահագրգռված ենք մասնագիտական կրթության զարգացման մեջ, հատկապես որ ուսանողները մեզ մոտ գան որոշակի գործնական հմտություններ եւ փորձ ունենալով։ Մենք ողջունում ենք բուհերի հետաքրքրվածությունն այս հարցում եւ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել նրանց ու կիսվել մեր փորձով ու գիտելիքներով»,- ասել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Անդրեյ Պյատախինը կանցկացնի վարպետության դաս: