17:17 | 22.11.18 | Նորություններ | 12686
Beeline-ի Ստարտափ Ինկուբատորի գրասենյակում մեկնարկել է Հայաստանում Beeline-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարը/product bootcamp։
Ճամբարին մասնակցության համար հայտ էր ներկայացրել 45-ից ավելի թիմ, որոնք ներկայացնում էին տարբեր նորարար տեխնոլոգիական լուծումներ՝ առողջապահության, կրթության, բնապահպանության, գյուղատնտեսության, ֆինանսաբանկային, սպասարկման եւ այլ ոլորտների համար։
Հիմնվելով թիմերի կողմից ներկայացված գաղափարների նորարարության եւ իրագործելիության, շուկայում հնարավոր պահանջարկի եւ թիմի կազմի վրա՝ ընտրվել են 10 թիմեր, որոնք նոյեմբերի 22-ին կայացած առաջին աշխատաժողովի ժամանակ աշխատել են Հայաստանյան տեխնոլոգիական համայնքը ներկայացնող տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում թիմերը սովորել են, թե ինչ է Business model canvas-ը եւ ինչպես այն պետք է պատրաստել, ինչպես նախագծել եւ կառուցել պրոդուկտի նախատիպը։
Այնուհետեւ, թիմերն ունեցել են անհատական հանդիպումներ բոլոր մենթորների հետ եւ քննարկել իրենց պրոդուկտի հնարավոր շուկան եւ օգտատերերին, փորձել ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները/features:
«Ուրախալի է տեսնել, այսքան մեծ հետաքրքրություն մեր ճամբարի հանդեպ։ Հետաքրքիր եւ հեռանկարային գաղափարների առատությունը եւ մասնակիցների ակտիվությունը շատ լավ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, ու հենց դա է մեր ամենամեծ նպատակը։ Ես ողջունում եմ մեր բոլոր մասնակիցներին եւ հաջողություն եմ մաղթում նրանց։ Վստահ եմ, որ այս մրցույթին մասնակցությունը շատ օգտակար փորձ կլինի նրանց համար, անկախ գրանցած արդյունքներից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մոտակա երկու շաբաթվա ընթացքում թիմերը կշարունակեն աշխատել իրենց կցված մենթորի հետ եւ պատրաստել պրոդուկտի առաջին նախատիպը, որն էլ կներկայացնեն դեկտեմբերի 5-ին կայանալիք դեմո օրվա ընթացքում։ «Հետագա շաբաթների ընթացքում մենք ավելի ինտենսիվ կաշխատենք թիմերի հետ պրոդուկտների արդեն առաջին նախատիպերի վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի հստակ եւ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին է լինելու իրենց պրոդուկտը»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված լավագույն երկու թիմերին կտրամադրվի 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու եւ պրոդուկտի նախատիպի վերածելու համար։