11:42 | 09.11.18 | Նորություններ | exclusive 225021

Աուտիզմով երեխաներին օգնող noomee հավելվածը կկիրառվի վերականգնողական կենտրոններում

noomee մոբայլ հավելվածը, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին զարգացնել առօրյա հմտությունները եւ դառնալ ինքնուրույն, արդեն հասանելի է վերականգնողական եւ ցերեկային կենտրոնների համար:

Վերջիններս հավելվածի միջոցով կարող են 24/7 աջակցություն տրամադրել երեխաներին:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ արդեն համագործակցում են նմանատիպ երեք կենտրոնների հետ:

noomee-ի թիմը noomee-ի թիմը

«Արդեն 12 տարի է, ինչ աշխատում եմ հատուկ կարիքներով երեխաների հետ՝ որպես էրգոթերապիստ։ Նման հավելված ստեղծելու միտքն առաջացել է գործնական պրոցեսում։ Կարիք կար ոչ միայն թերապիստների աշխատանքն ավելի արդյունավետ եւ հեշտացված դարձնելու, այլեւ ծնողների համար օգնական գործիք առաջարկելու։ Այսպես ծնվեց noomee-ի գաղափարն ու ստեղծվեց մոբայլ հավելվածը, որն արդեն թեստավորման փուլում է եւ պատրաստ կլինի մինչեւ տարեվերջին»,- տեղեկացրել է Գայանե Հովհաննիսյանը:

Նա պատմել է, որ հավելվածը բաղկացած է 4 բաժնից, որոնք լուծում են աուտիզմով երեխաների հաղորդակցման եւ վարքային, ինչպես նաեւ առօրյան կազմակերպելու ու ուշադրությունը կենտրոնացնելու պակասը լրացնելու խնդիրները։ Դրանք նախատեսված են թե՛ երեխաների, թե՛ ծնողների եւ թե՛ թերապիստների համար։

noomee հավելվածը noomee հավելվածը

Առաջին բաժինն օգնում է երեխաներին կազմակերպել առօրյան՝ նկարների, տեքստերի եւ ձայնային հրահանգների օգնությամբ: Երկրորդ բաժինը՝ սոցիալական պատմությունների (հեքիաթների) միջոցով, զարգացնում է շփման եւ դրական վարք դրսեւորելու հմտությունները։ Երրորդը ծնողներին տալիս է հնարավորություն GPS համակարգի միջոցով հետեւելու երեխայի գտնվելու վայրին, քանի որ ուշադրության պակասի պատճառով նրանք հաճախ կորում են։ Եվ չորրորդ բաժինը, որը ծնողների ու թերապիստների համար է, վերլուծության եւ հավաքագրված բազայի հիման վրա ներկայացնում է երեխայի առաջընթացը կամ բացթողումները։

«Հավելվածն օգնում է ավելի շատ երեխաների հետ աշխատել՝ մի շարք նյութերի ավտոմատացման եւ մատուցվող ծառայություններն ընդլայնելու հնարավորության շնորհիվ։ Մենք պատրաստ ենք աջակցել վերականգնողական կենտրոններին այս հարցում՝ նոր համագործակցությունների միջոցով»,- եզրափակել է Գայանե Հովհաննիսյանը: