16:29 | 25.10.18 | Նորություններ | 11545

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Մրցույթին մասնակցել է 18 երկրի 38 ներկայացուցիչ՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից, Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ուրուգվայից:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։ Առաջին մրցանակակիր է դարձել Միլոշ Սրպսկոն՝ Սերբիայից։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Յե Դինգը՝ Գերմանիայից։ Երրորդ մրցանակին արժանացել է Ֆաբիան Տորրեսը՝ Ուրուգվայից։

«Ապագան գիտությունը գնահատող սերնդինն է: Այդ ճանապարհն ընտրած երիտասարդությունն իր հաջողությամբ նպաստում է նաեւ երկրի տնտեսության զարգացմանը: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդների համար ստեղծվել է գաղափարների մրցակցության յուրօրինակ հարթակ: Ուզում եմ անել կարեւոր եւս մեկ դիտարկում. այսպիսի հանդիպումները զուտ մրցույթ չեն: Վստահ եմ, որ միմյանց հետ հաղորդակցվող բանիմաց ու խելացի երիտասարդներից շատերը ապագայում նաեւ գործակցության կամուրջ են ստեղծելու երկրների միջեւ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է այն գործակցության համար, որի հիմքում ստեղծագործ մտքի առողջ մրցակցությունն է»,- նշել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, 22 երկրից: Առաջին փուլի 342 մասնակիցներից 88-ը ներկայացրել են Հայաստանը:

Մրցութային ծրագրում ընդգրկվել են հետեւյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաեւ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։

2006թ. Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում եւ ոգեւորում է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարեւոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում եւ մասնակից երկրներում: