12:05 | 25.10.18 | Նորություններ | 10196
Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի միջանկյալ արդյունքները։
Մեկ ամիս շարունակ մենթորների, սեմինար վարողների եւ աջակցող այլ կողմերի հետ միասին թիմերն աշխատել են իրենց ստարտափների վրա։ Առաջին ամենամսյա մոնիթորինգի ընթացքում ստուգվել է ստարտափների աճը. նրանք ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից եւ հանդիպումներից ստացած գիտելիքները եւ պատասխանել ներկաների հարցերին։
Առաջին ամսվա մոնիթորինգի գնահատականների արդյունքում լավագույն եռյակում են հայտնվել eSwap-ը, որը տարբեր առցանց խանութների միացման եւ էլեկտրոնային առեւտրի կառավարման համակարգ է, TapTap-ը, որը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի եւ LinguaStorm-ը, որը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է: Այն տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ՝ բոլոր մասնագիտական ուղղություններով։
Ռիսկային գոտում հայտնվել են ստարտափներից երկուսը, մեկ ստարտափ էլ դուրս է մնացել ինկուբացիոն ցիկլից։
Կազմակերպիչների խոսքով, նմանատիպ մոնիթորինգներ անցկացվելու են նաեւ հետագա երեք ամիսների ընթացքում։
«Զարգացման մոնիթորինգը ցանկացած կրթության կարեւորագույն մասն է, իսկ մենք տրամադրված ենք միայն լավագույն արդյունքի հասնելուն։ Մեզ մոտ ինկուբացիա անցնող ստարտափները ցիկլի ավարտին պետք է պատրաստ լինեն ներկայանալու իրական ներդրողներին, իսկ դրա համար հսկայական աշխատանք է պետք կատարել։ Շատ ուրախ եմ տեսնել մեր թիմերի առաջընթացը եւ մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ռեզիդենտ ստարտափներն Ինկուբատորում անցնում են թրենինգներ, մասնավորապես, մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով, ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։