15:02 | 18.10.18 | Նորություններ | 7671
Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով:
Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետների՝ Հայաստանից եւ արտերկրից:
Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իրենց մասնագիտական փորձով կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ավստրիայի, Էստոնիայի, Սլովակիայի մասնավոր, հանրային եւ ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսն ունի քննարկման երկու զուգահեռ ուղղություններ՝ կորպորատիվ կառավարման, ռիսկերի եւ հսկողության մարտահրավերները ժամանակակից աշխարհում եւ ներքին աուդիտի տեխնոլոգիական մարտահրավերները:
Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկող բանախոսներից են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, կրթության ոլորտը ներկայացնող՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, եւ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Արա Չալաբյանը, Մանե Թանդիլյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հակոբ Անդրեասյանը կոնֆերանսի առաջին օրը հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարեւորությունը՝ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաեւ ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում:
Կարեւորելով ներքին աուդիտի ու համապատասխանության գործառույթի կիրառումը կորպորատիվ կառավարման ոլորտում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է.
«Ներքին աուդիտը պարզապես ռիսկերի վաղ բացահայտման մեխանիզմ չէ, որն օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամի: Բիզնեսի տեսանկյունից՝ ներքին աուդիտը եւ hամապատասխանությունը գործիքներ են եւ ռազմավարական միջոց՝ առաջատարի դիրքերը գրավելու եւ պահպանելու համար, ինչպես նաեւ ստեղծելու համար այնպիսի մրցակցային առավելություն, որը շատ դժվար է կրկնօրինակել»: