12:02 | 19.09.18 | Նորություններ | 9612

Հայաստանում ամերիկյան ՏՏ ընկերությունների մասնաճյուղեր կբացվեն

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար, Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը արտագնա գործարար առաքելություն է իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ։

Այցի շրջանակում շուրջ 50 գործարարի համար կազմակերպվել է շնորհանդես՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։

Արտագնա առաքելության ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների մասին: Դրանցից մեկով, որ ստորագրվել է Ամալյա Եղոյանի եւ «Ալենա Սոլյուշընզ» ընկերության գործադիր տնօրեն Ասբեդ Կասիսի միջեւ, նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի եւ Գյումրիի ՏՏ կենտրոններում։ «Ալենա Սոլյուշընզը» տարբեր բիզնեսների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն է։

Մյուս համաձայնագրով, որ ստորագրվել է «Հայերքլաութ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Ավետիս Անթափլյանի հետ, նախատեսվում է Գյումրիում բացել ընկերության մարքեթինգային գրասենյակ։ «Հայերքլաութը» ՏՏ ոլորտի ընկերությունների համար կադրերի հավաքագրմամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն է։

«Գյումրին, Վանաձորը, Գավառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար հեռանկարային են, ունեն ենթակառուցվածքներ, համալսարանների մասնաճյուղեր, առաջին երկուսում տեխնոպարկեր են գործում։ Սա գնահատելի է, քանի որ ներդրումների մի մասը դեպի մարզեր ապակենտրոնացնելու ռազմավարություն ունենք»,- ընդգծել է Ամալյա Եղոյանը։

«Բիզնես Արմենիան իր օտարերկրյա ներկայացուցիչների մեծ ցանցով պատրաստ է աջակցել դեպի Հայաստան ներդրումներին։ Այս դեպքում հատկապես ուրախ ենք, որ նոր ներդրումները կուղղվեն մարզեր»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Միացյալ Նահանգներում գործարարների հետ հանդիպմանը Ամալյա Եղոյանը ներկայացրել է նաեւ Հայաստանում ընկերություն հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, բարձրորակ մասնագետներ ներգրավելու, վերապատրաստման, հաջող բիզնես ծավալելու ճանապարհային քարտեզը։