17:30 | 22.08.18 | Նորություններ | 8207

Վարչապետը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երեւանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ:

Կառավարությունում նշել են, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական եւ կրթական հատվածներից. ներկայում ընթացքի մեջ է երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը:

«Ինժեներական քաղաք»-ը ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում եւ վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, ստարտափների հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում եւ արտահանման ծավալի աճ:

Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է Երեւանի Բագրեւանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը. հողհատկացումն իրականացվելու է առաջիկայում:

«Ինժեներական քաղաք»-ի տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության եւ տեխնոլոգիաների թանգարանները:

Վարչապետը կարեւորել է «Ինժեներական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացումը: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության, ՏՏ ոլորտի եւ փորձարարական ճյուղի զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: