12:32 | 08.08.18 | Նորություններ | 13149

Հայաստանն աշխարհում 4-րդն է համացանցից վարակման փորձերի ենթարկված սարքերի ցուցանիշով

Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։

Այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է աշխարհում։  


«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչության տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% եւ 7-րդ տեղ, իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝ 21,58% եւ 15-րդ տեղ։

Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի խոսքով, Հայաստանը հաստատուն քայլերով վեր է բարձրանում այն երկրների ցանկում, որոնց օգտատերերն առավել հաճախ են ենթարկվում համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի:

«Դա վկայում է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճի, ինչպես նաեւ այն մասին, որ Հայաստանի օգտատերերը ավելի հաճախ են մտնում վնասաբեր բովանդակությամբ կայքեր։ Վեբ-սպառնալիքներից օգնում են պաշտպանվել միայն զգոնությունը եւ սարքում վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծման առկայությունը»,- նշել է նա:

«Կասպերսկի»-ում հավելել են, որ 2018թ. 2-րդ եռամսյակում աշխարհում համացանցին միացված համակարգիչների միջինում 19,59%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware կարգի վեբ-գրոհի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,26%։