16:38 | 23.07.18 | Նորություններ | 18877

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը

Beeline-ի աջակցությամբ Սեւանի ափին մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը:

Վրանային ճամբարի ձեւաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը եւ ուղղված է ստարտափների եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը:

Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ եւ մրցույթներ։

«Անցած տարի եւս Beeline-ը «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի աջակիցն էր, եւ մենք ինքներս համոզվեցինք, թե որքան կարեւոր է նման միջոցառման առկայությունը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա չափազանց կարեւոր փորձ է, եւ ինչու ոչ, պոտենցիալ հովանավորների ու գործընկերների հետ հանդիպելու ու կապեր հաստատելու հիանալի հնարավորություն: Ես միշտ մեծագույն ոգեւորությամբ եմ զրուցում եւ իմ գիտելիքներով կիսվում սամմիթի մասնակիցների հետ, քանի որ վստահ եմ, որ նրանց նոր գաղափարներն ու լուծումները կարող են կյանքն ավելի լավը դարձնել», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», եւ անցկացվել ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում։ Սեւանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն է, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի եւ Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Ծրագրի ներդրումային ֆոնդը $100 հազ. է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի $50 հազ.:

«Համագործակցությունը Beeline-ի հետ սկսվել էր դեռ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակում եւ ուրախալի է, որ այն շարունակական է։ Շարունակական համագործակցությունն այսպիսի խոշոր կազմակերպությունների հետ խոսում է այն մասին, որ նրանք եւս հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմամբ»,- ասել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշենք, որ Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։