14:23 | 22.09.15 | Հոդվածներ | exclusive 38200

LiveBoard. ինտերակտիվ գրատախտակ` սմարթֆոնում

LiveBoard հայկական հավելվածն ինտերակտիվ գրատախտակ է, որը թույլ է տալիս ձեռքի հպումով օնլայն նկարել եւ միաժամանակ զրուցել ընկերների ու գործընկերների հետ:

Հավելվածն անվճար է եւ հասանելի Google Play-ում:

LiveBoard-ի համահիմնադիրներն են Տիգրան Բարսեղյանը, Էրիկ Ղոնյանը եւ Գրիգորի Էյրամջյանը:

Itel.am-ի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանը նշում է, որ հավելվածում կարելի է գտնել նկարելու պրակտիկ գործիքներ, միաժամանակ նույն գրատախտակի վրա աշխատելու, սոցիալական մեդիայում արված աշխատանքը տարածելու հնարավորություններ եւ այլն:

«LiveBoard-ը ձեր սարքը վերածում է վիրտուալ ինտերակտիվ գրատախտակի, իսկ հեռարձակման գործառույթի միջոցով հնարավոր է դառնում կապ հաստատել այլ օգտատերերի հետ եւ օնլայն չաթի միջոցով միասին քննարկել աշխատանքը: Վերջիններս մոտ ապագայում կկարողանան ձեր աշխատանքը խմբագրել: Աշխատելիս միշտ կարելի է վերադառնալ աշխատանքի նախորդ քայլերին, ինչպես նաեւ պահել նկարը հեռախոսում»,- նշում է Տիգրան Բարսեղյանը:

Էրիկ Ղոնյանն էլ հավելում է, որ LiveBoard-ի ներբեռնումներն այս պահին 5000-ից ավելին են, իսկ իրենք ծրագրում են կարճ ժամանակում անցնել 10 հազ-ի սահմանը:

«Հնարավոր է՝ մոտ ապագայում Bluetooth sharing-ի գործառույթ ավելացնենք: Սա թույլ կտա ինտերնետի բացակայության դեպքում եւս օգտվել հավելվածում համատեղ աշխատելու հնարավորությունից»,- բացատրում է նա:

Հավելվածի iOS տարբերակը ծրագրվում է թողարկել 2016թ. սկզբին:

Նարինե Դանեղյան