10:22 | 09.12.14 | Հոդվածներ | exclusive 9771

GDG Armenia. Google-ի «աչքերը» Հայաստանում

Նոյեմբերի 22 եւ 23-ին Google Developer Group Armenia (GDG Armenia) խումբը Երեւանում արդեն երկրորդ անգամ անցկացրեց GDG DevFest տեխնոլոգիական միջոցառումը:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացված երկօրյա միջոցառումը հյուրընկալեց տեխնոլոգիաների ավելի քան 200 սիրահարների, որոնց մի շարք պրեզենտացիաներ ներկայացվեցին:

DevFest-ի, ինչպես նաեւ GDG Armenia-ի հայաստանյան գործունեության մասին Itel.am-ը զրուցել է GDG Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ:

-Նախորդ ամիս Հայաստանում արդեն երկրորդ անգամ կազմակերպեցիք GDG DevFest-ը: Ինչո՞վ առանձնացավ այն:

-Հայաստանում Google Developer Group-ը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում այն ծրագրավորողների համար, որոնք օգտագործում են Google-ի տեխնոլոգիաները: Դրանցից ամենամեծը DevFest տեխնոլոգիական միջոցառումն է, որի նպատակն է մեկ վայրում համախմբել ծրագրավորողներին, ինչպես նաեւ Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին: Քանի որ DevFest-ի հովանավորը Google-ն է, հետեւաբար միջոցառման մեծ մասը նվիրված է հենց Google-ի տեխնոլոգիաներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ծրագրավորողներից շատերը հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ գործարարության նկատմամբ, որոշեցինք այս տարի մի շարք պրեզենտացիաներ նվիրել Google-ի տեխնոլոգիաների օգնությամբ սեփական ընկերությունները հաջողակ դարձնելու հնարավորություններին: Անդրադարձ կատարվեց նաեւ այն հարցին, թե ստարտափներն ինչպես կարող են ֆինանսավորում ստանալ տարբեր ընկերություններից:  

Այս տարի միջոցառման հատուկ հյուրը Google ընկերության հայազգի աշխատակից Արամ Այազյանն էր: Նա Google-ի նորագույն տեխնոլոգիաներից ներկայացրեց Google Fit-ը, որն օգտագործվում է ֆիթնես արդյունքներ ստանալու համար: Ծրագրային կոդը կարելի է օգտագործել սեփական հավելվածում՝ մարդկանց կենսակերպի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար (օրինակ, սարքերի սենսորներից տեղեկություններ ստանալ եւ օգտագործել սեփական հավելվածներում): Արամ Այազյանը միջոցառման ընթացքում պատմեց նաեւ այն մասին, թե ծրագրավորողներն ինչ հավելվածներ կարող են ստեղծել Google Fit-ի միջոցով: 

Սկզբում ծրագրել էինք երկրորդ օրվա ընթացքում զուգահեռ պրեզենտացիաներ եւ հաքաթոն կազմակերպել, բայց ավելի ուշ, այնուամենայնիվ, որոշեցինք հաքաթոն չկազմակերպել, քանի որ հասկացանք, որ մարդիկ չեն ցանկանում կտրվել պրեզենտացիաներից: Իրականում, հաքաթոնային գործունեությունը Հայաստանում մի փոքր պասիվ վիճակում է, ուստի որոշել ենք արդեն հաջորդ տարի առանձին հաքաթոն կազմակերպել: Նշեմ, որ այս տարի նաեւ հյուր ունեինք Օմսկի GDG-ից, ով երկու պրեզենտացիա ներկայացրեց:

Ընդհանուր առմամբ, կային պրեզենտացիաներ, որոնք տեխնոլոգիական խոր գիտելիքներ էին պահանջում, բայց կային նաեւ այնպիսիք, որոնք ավելի թեթեւ էին, եւ, օրինակ, ներկայացնում էին, թե ինչ հետաքրքիր ֆունկցիաներ ունի Android-ի նոր տարբերակը:

Այս տարի DevFest-ին մասնակցեց մոտ 200 մարդ՝ նախորդ տարվա 170-ի համեմատ: Ֆինանսավորման հետ կապված որոշ խնդիրներ առաջացան: Ցանկանում եմ նշել, որ Google-ը լինելով հովանավոր` հոգում է DevFest-ի ծախսերի միայն մի մասը: Մնացած մասը յուրաքանչյուր GDG հայթայթում է լոկալ հովանավորների միջոցով: Այս տարի մեզ աջակցեցին X-TECH եւ Ginosi ընկերությունները: Հույս ունեմ՝ հաջորդ DevFest-ին ընդառաջ բոլոր խնդիրներն արդեն լուծված կլինեն:

Ի դեպ, միջոցառման ընթացքում նաեւ գեղեցիկ իրադարձություն տեղի ունեցավ: GDG-ի ակտիվ անդամներից Մանվել Սարոյանը, օգտագործելով իրեն տրամադրված բեմահարթակը, սիրո խոստովանություն արեց սիրած աղջկան:

-Բացի DevFest-ի կազմակերպումը, է՞լ ինչով է զբաղվում GDG-ն Հայաստանում:

-Մենք կապող օղակ ենք ծրագրավորողների եւ Google-ի միջեւ: Այն դեպքում, երբ Google-ի ծառայություններից օգտվելիս խնդիրներ են առաջանում, օգնում ենք կապ հաստատել ընկերության հետ: Իհարկե, Google-ի այն թիմը, որն աշխատում է GDG խմբերի հետ, շատ փոքր է, բայց երբեմն միմյանց օգնում են նաեւ տարբեր երկրների GDG-ները:

Ինչ վերաբերում է անդամների թվին, ապա, ի սկզբանե, մեր առաջ նպատակ չենք դրել քանակի վրա աշխատել: Ունենք մոտ 20 ակտիվ անդամներ, որոնք ներկա են լինում մեր գրեթե բոլոր միջոցառումներին: 

Այս պահին աշխարհում կա 561 GDG, որոնք գործում են 103 երկրում: Մենք՝ լինելով Հայաստանի GDG, փորձում ենք մեր աշխատանքում հնարավորինս ներգրավել նաեւ մարզերը: Անցած տարի Հայաստանի չորս քաղաքներում Google Map Maker-ի դասընթացներ կազմակերպեցինք. սովորեցնում էինք, թե ինչպես պետք է սեփական քաղաքը ճիշտ գծել քարտեզի վրա: Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ GDG խմբեր լինեն նաեւ Հայաստանի այլ քաղաքներում, բայց նաեւ հասկանում ենք, որ այս պահին չկան մարդիկ, որոնք կկարողանան այդ քաղաքներում համակարգել մեր գործունեությունը: Բացի այդ, եթե մեկ-երկու հոգի անգամ գտնվի, մարզերից շատերում չկան մարդիկ, որոնք հետաքրքրված են նման դասընթացներին մասնակցությամբ: 

-Ինչո՞ ւ Google-ը չի ցանկանում Հայաստանում գրասենյակ բացել: Դրա անհրաժեշտությունն իսկապե՞ս չկա:

-Մեր կարծիքով` այստեղ Google-ի գրասենյակ ունենալու անհրաժեշտություն կա, քանի որ դա մեծ առավելություններ կտա հենց ծրագրավորողներին: Շուկա կձեւավորվի, ինչին նաեւ կնպաստի այն հանգամանքը, որ Google-ի ծառայությունները Հայաստանում ավելի ու ավելի լայն տարածում են գտնում: Բացի այդ, Google-ի տեղական գրասենյակը շատ խնդիրներ կլուծի՝ կապված Հայաստանում եւ տարածաշրջանում մատուցվող ծառայությունների հետ: Մասնավորապես, ավելի արագ հնարավոր կլինի շտկել առաջացող խնդիրները: Եթե հարցը դիտարկենք Google-ի տեսակետից, ապա գրասենյակի անհրաժեշտություն չկա, քանի որ նույնիսկ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միասնական շուկան շատ ավելի փոքր է, քան, օրինակ, Թուրքիայի շուկան: Դա է պատճառը, որ Թուրքիայում Google-ը գրասենյակ ունի, իսկ մեր տարածաշրջանում՝ ոչ:

Փոխվել է նաեւ Google-ի քաղաքականությունը: Եթե նախկինում այն ձգտում էր ամեն երկրում գոնե փոքր գրասենյակ բացել, ապա հիմա կենտրոնացել է մեծ գրասենյակներ բացելու ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրում կաշխատի 100 ծրագրավորողներից բաղկացած թիմ: Սա Հայաստանի պայմաններում հնարավոր չէ:

Հիմա դրական կողմերի մասին. եթե Google-ն այստեղ գրասենյակ բացեր, հնարավոր է, որ այն ծրագրավորողները, որոնք մեկնում են արտերկիր աշխատելու, մնային եւ աշխատեին Հայաստանում: Բայց նաեւ ակնհայտ է, որ Google-ի տեղական գրասենյակում ծրագրավորողները չէին ստանա այն նույն բարձր աշխատավարձը, որը ստանում են ընկերության այլ երկրների գրասենյակներում աշխատելու պարագայում: 

- Անցած տարի Հայաստան էր ժամանել Google ընկերության Next Wave Emerging Countries թիմից Դիվոն Լանը` պարզելու, թե որ ոլորտներում Google-ը կարող է համագործակցել Հայաստանի հետ: Մեկ տարի է անցել. այս հարցում կա՞ն զարգացումներ:

-Նրա՝ այստեղ գտնվելու ընթացքում, մի շարք հետաքրքիր հանդիպումներ կազմակերպեցինք: Դիվոն Լանը մասնակցեց միջոցառման, որտեղ ծանոթացավ Հայաստանում գործող ստարտափների գործունեությանը, հանդիպեց ինտերնետ եւ բջջային կապի օպերատորների հետ:

Նա աշխատում է մի թիմում, որը զբաղվում է Հայաստանի նման երկրների հետ նոր կապերի ստեղծմամբ: Իսկ այդ նոր կապերին միտված առաջին քայլը, նրա կարծիքով, լեզվական խնդրի լուծումն է: Խոսքը Google-ի պրոդուկտներում հայերեն լեզվի առկայության մասին է: Խնդիրը մասնակիորեն լուծվել է, թեեւ աշխատանքները դեռ  շարունակվում են: Օրինակ, արդեն առկա է Android-ի հայերեն տարբերակը, մյուս ծառայություններն էլ կա՛մ պատրաստ են, կա՛մ աշխատանքային փուլում են: Լանը մտահոգված էր այս խնդրով, եւ հարցնում էր, թե միգուցե լեզվական խնդրի պատճառով է, որ հայերը ակտիվորեն չեն օգտագործում Google-ի արտադրանքը:

Մյուս քայլը տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունն է: Ստացվել է այնպես, որ ներկայում մենք կապող օղակ ենք նրա եւ հայկական ընկերությունների միջեւ, եւ միակ բանը, որ կարող ենք անել, մարդկանց առաջարկությունները Դիվոն Լանին փոխանցելն է: Մենք, Լանի խոսքով, «Google-ի աչքերն ենք Հայաստանում»: Երբեմն խնդիրներ են առաջանում կապված Հայաստանում Google-ի այս կամ այն պրոդուկտի հետ: Այս դեպքում կարող ենք դիմել մեր հայրենակից ծրագրավորողներին` խնդրելով ճշտել, թե որքանով է խնդիրը լուծելի: Մեծ խնդրի դեպքում տեղեկացնում ենք Google-ի այն թիմին, որը մեզ հետ է աշխատում: Բայց պետք է նշեմ, որ այդ թիմում աշխատողները հիմնականում ծրագրավորման ոլորտում են մասնագիտացած, հետեւաբար քաղաքական, ինչպես նաեւ տեխնիկական խնդիրների դեպքում դժվարանում են օգնել: 

- Դիվոն Լանը Մեդիամաքսի հետ զրույցում անդրադարձել էր նաեւ Google-ի աշխատակից հայերին` նշելով, որ վերջիններս կարծես իրենց երկրի դեսպանը լինեն այնտեղ, եւ միշտ հետեւում են, որ Google-ն իրեն «ճիշտ պահի Հայաստանի նկատմամբ»:  Տեղեկություն ունե՞ք, թե ներկայում քանի հայ է աշխատում Google-ում:

-Հստակ տվյալներ չկան: Օրինակ, Արամ Այազյանի տեղեկություններով` Google-ի տարբեր երկրների գրասենյակներում, 20-30 հոգի հայ է աշխատում: Գիտեմ նաեւ, որ կա ներքին խումբ, որտեղ հայերը միավորված են եւ մշտական կապի մեջ են:   

-Google-ի տեխնոլոգիաներն ի՞նչ ապագա ունեն Հայաստանում:

-Դա կախված է կոնկրետ տեխնոլոգիայից: Յուրաքանչյուր DevFest-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքում մեր առջեւ խնդիր ենք դնում, թե Google-ի որ տեխնոլոգիան ներկայացնենք: Սովորաբար ընտրում ենք այն տեխնոլոգիաները, որոնց մասին մարդիկ դեռ տեղյակ չեն: Հայ ծրագրավորողների կողմից ակտիվ օգտագործվում են Google-ի երեք հիմնական տեխնոլոգիաները` Android-ը, Chrome-ի հավելվածների ստեղծումը եւ AngularJS-ը: Հուսանք, որ Polymer-ը նույնպես շուտով կհայտնվի այդ շարքում:

Պետք է նշել, որ հայաստանյան շուկայում գործող նոր ընկերությունները համեմատաբար բաց են նոր տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ անընդհատ նոր աշխատակիցներ են ընդունում՝ նոր տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներով: Այդ առումով Google-ի տեխնոլոգիաները նոր ընկերությունների կողմից սկսել են ավելի շատ օգտագործվել:

-Ովքե՞ր են առհասարակ աջակցում ձեզ: Պետական մարմինների հետ շփում կամ համագործակցություն կա՞:

- Մենք Google-ի աշխատակից չենք, այլ ծրագրավորողների խումբ, որն օգտագործում է Google-ի տեխնոլոգիաները: Բայց ոլորտում եւս շատ բան ենք անում, դրա համար մեզ հարկավոր է լոկալ աջակցություն: Մենք GDG գործունեությամբ ընդհանրապես գումար չենք վաստակում, իսկ շատ դեպքերում միջոցառումներ կազմակերպելիս մեր գրպանից ենք գումարներ դնում:

Օրինակ, Վրաստանի GDG-ն ստեղծվել է այդ երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից: Բանն այն է, որ նախարարությունը որոշել էր համագործակցել Google-ի հետ, վերջինս էլ առաջարկել էր GDG ստեղծել: Մեր դեպքում լրիվ հակառակն է՝ ինքներս ստեղծել ենք GDG, որը կապ չունի պետական մարմինների հետ: Ոչ թե չենք ուզում համագործակցել, այլ ուղղակի նկատում ենք, որ հակառակ կողմից հետաքրքրություն չկա: 

Շատ դեպքերում, հետեւելով ամերիկյան GDG-ների փորձին, մտածում ենք նույնն իրականացնել այստեղ, բայց ոչ միշտ է, որ դա հաջողությամբ է պսակվում: Հասկացել ենք, որ ցանկացած ծրագիր պետք է հարմարեցնել Հայաստանի պայմաններին:

Ի դեպ, նկատելի է, որ Հայաստանում աստիճանաբար ձեւավորվում է ծրագրավորողների՝ միմյանց հետ շփվելու մշակույթ: Նրանք սկսում են մասնակցել սեմինարների եւ այլ միջոցառումների: Մինչ այդ` յուրաքանչյուր ծրագրավորող նստում էր իր տանը կամ գրասենյակում եւ աշխատում: Երիտասարդ ծրագրավորողներն այսօր շատ ավելի բաց են շփման համար:

Վարդան Գրիգորյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը