Արեգ Գեւորգյանը
16:52 | 10.02.16 | Հարցազրույցներ | exclusive 13828
Եթե տարիներ առաջ արհեստական բանականությունը/ինտելեկտը (artificial intelligence) ֆանտաստիկայի ժանրից էր թվում, ապա արդեն այսօր այն իրականություն է:
IBM Watson-ը IBM կորպորացիայի կողմից մշակված «սուպերհամակարգիչ» է՝ օժտված արհեստական բանականությամբ:
IBM Watson տեխնոլոգիան Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով փետրվարի 8-11-ը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) եւ IBM Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նախաձեռնությամբ Երեւանում անցկացվել են արագացված դասընթացներ տեղական մասնագետների համար:
Փետրվարի 11-ին էլ Երեւանում կկայանա Watson Day Yerevan 2016 միջոցառումը, որի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը կներկայացնի IBM Watson եւ IBM BlueMix համակարգերը:
Արհեստական ինտելեկտով Watson համակարգի ներդրման հայաստանյան հեռանկարների մասին Itel.am-ը զրուցել է IBM Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի բիզնես զարգացման գծով ղեկավար Արեգ Գեւորգյանի հետ:
-Ի՞նչ առավելություններ եւ կիրառություններ ունի Watson «սուպերհամակարգիչը»:
-«Սուպերհամակարգիչը» հետազոտական վիճակից դուրս է եկել եւ շուկա մտել շուրջ 2 ու կես տարի առաջ:
Երեւանյան դասընթացին մասնակցած դասախոսներին տրվում է մուտք IBM Watson-ին. նրանք ստանում են թեստային անուն եւ գաղտնաբառ, միանում Watson-ին, տալիս նրան որոշակի ինֆորմացիա (data), որը Watson-ը փորձում է նախ հասկանալ, ապա՝ մշակել, որից հետո այն պատրաստ է պատասխանել օգտատերի հարցերին:
Watson-ը աշխատում է մարդկային լեզվով: Հարցը նրան ուղղում ես անգլերենով, նա փնտրում է եւ տալիս հարցի պատասխանը: Սա նոր սերնդի համակարգիչ է, որը հավանականության վրա հիմնված պատասխաններ է տալիս:
Հարցերի տարատեսակները կախված են նրանից, թե ինչ տվյալներ եք տրամադրել համակարգին: Watson-ը, ի տարբերություն, օրինակ, Google-ի, հարցի վերլուծություն է իրականացնում, հասկանում է հարցը, դրա բովանդակությունը, տրամաբանությամբ ձեւավորում պատասխանների տարբերակները, ստուգում եւ տալիս պատասխաններ՝ նշելով վերջինիս հավանականության տոկոսը:
Watson-ի հիմնական առավելությունն այն է, որ կարողանում է աշխատել unstructured data-ի (օրինակ՝ լուսանկարներ, տեսանյութեր եւ այլն) հետ:
Կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, օրինակ, առողջապահության ոլորտում այն լավ խորհրդատու է բժշկի համար:
Ունենալով կոմերցիոն բնույթ՝ Watson-ը շատ թանկ պրոդուկտ է, սակայն IBM-ը տալիս է այն անվճար օգտագործելու հնարավորություններ, եւ հենց այդ հնարավորություններն էլ մենք փորձում ենք Հայաստան բերել:
-Նշվում է, որ Հայաստանը կդառնա տարածաշրջանում առաջինը, որտեղ կստեղծվի IBM Watson էկոհամակարգ: Ինչպե՞ս է արհեստական ինտելեկտը կիրառություն գտնելու համալսարանական առարկաների ցանկում:
- IBM ինովացիոն լուծումների կենտրոնը Հայաստանում արդեն ավելի քան մեկ տարի է՝ իրականացնում է ԲՈՒՀ-երում ուսումնական ծրագրերի թարմացում եւ նոր առարկայական ցանկերի ներդրում՝ IBM ակադեմիական նախաձեռնության շրջանակում: Ներկայում ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից շուրջ 50 դասախոս հանդիսանում է IBM ակադեմիական նախաձեռնության անդամ: Այս ընթացքում իրականացվել է ավելի քան 10 ուսումնական ծրագրի թարմացում, ավելի քան 80 դասախոս անցել է վերապատրաստում, ինչի արդյունքում ունենք 600-ից ավել ուսանողներ, որոնք մասնակցել են դասընթացներին։
Ի՞նչ ենք փորձում անել Watson-ով Հայաստանում: Մենք ԱՄՆ-ից հրավիրեցինք մասնագետի (Արմեն Փիսչդոտչյան), որն այստեղ ինտենսիվ թրեյնինգ է անցկացնում դասախոսների հետ: Դասընթացում ներգրավված են դասախոսներ՝ հայաստանյան տարբեր բուհերից, եւ ոլորտի փորձագետներ, որոնք մասնագիտացած են մեծ տվյալների վերլուծությունների, կոգնիտիվ տեխնոլոգիաների, տվյալների կառավարման գիտությունների ոլորտներում: Վերջիններս կհանդիսանան IBM Watson համակարգի գիտելիքային սուրհանդակներ, որոնք կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները ուսանողներին եւ հետաքրքրված մասնագետներին:
Մեր կանխատեսմամբ՝ մեկ ամսից մասնակիցներին մուտք կտրվի կրթական Watson-ին, որի շնորհիվ այս նորարարական տեխնոլոգիան հասանելի կլինի հայաստանյան ԲՈՒՀ-երին:
- Երկրորդ ուղղությունն արհեստական ինտելեկտի ուղղվածությամբ ստարտափների աքսելերացիան է: Ե՞րբ է այն մեկնարկում, եւ ովքե՞ր են թիրախում:
- IBM-ի Watson բաժինն ունի մի քանի ուղղություն, որոնցից մեկն էլ ստարտափներին տրամադրվող աջակցությունն է, եւ դրանց կողմից Watson-ի օգտագործման խրախուսումը:
IBM-ը տարեկան 100 մլն դոլարի բյուջե ունի՝ նախատեսված ստարտափներում ներդրումների համար: Եթե ստարտափը դառնում է Watson էկոհամակարգի անդամ, ապա IBM-ի փորձագետների կողմից ստանում է անվճար բիզնես եւ տեխնիկական խորհրդատվություն: Նա կարող է օգտագործել իր ստացած դրամաշնորհը՝ պրոդուկտը զարգացնելու եւ տարածելու նպատակով:
Ստարտափի կողմից Watson-ը կարող է օգտագործվել տարբեր եղանակներով, օրինակ՝ BlueMix հարթակի միջոցով: Այն web development հարթակ է, որն արագացնում եւ հեշտացնում է վեբ հավելվածներ մշակելու աշխատանքը: Այդ հարթակում կան Watson-ի տարբեր ծառայություններ (API-ներ), որոնք հեշտությամբ կարելի է ինտեգրել հավելվածներում՝ դրանք դարձնելով արհեստական բանականությամբ օժտված:
Այնպես որ, եթե ստարտափը ցանկանում է իր հավելվածն արհեստական բանականությամբ օժտել եւ դա անել հենց Watson-ի օգնությամբ, ապա մենք ստեղծում ենք բոլոր հնարավորությունները դրա համար:
Ստարտափ աքսելերացիոն ուղղվածությամբ առաջին ծրագիրը, այսպես կոչված, նախաաքսելերացիա է լինելու, որի դիմումների փուլը կմեկնարկի մարտին:
Նախաաքսելերացիա, քանի որ չենք համարում, որ Հայաստանում այս պահին արհեստական բանականության ուղղվածությամբ զբաղվող մեծաքանակ ստարտափներ կան. դրա համար նախ պետք է հող նախապատրաստել:
Կհայտարարենք արհեստական բանականության բիզնես գաղափարների մրցույթ, եւ լավագույնների հետ մոտ 2-3 ամիս կաշխատենք՝ սկսած գաղափարի մշակումից մինչեւ շուկայի ուսումնասիրություն եւ բիզնես մոդելների մշակում: Կփորձենք այնպես անել, որ ամեն թիմում գոնե 1 տեխնիկական մասնագետ լինի: Պետք է հասանելի դարձնել այն միտքը, որ Հայաստանում հնարավոր է զբաղվել արհեստական բանականությամբ պրոդուկտների մշակմամբ, եւ որ հեշտ է նման լուծումներ առաջարկել եւ փորձել ֆինանսավորում բերել:
Ցանկանում ենք օգնել նաեւ գաղափարը պրոդուկտ դարձնելու ճանապարհին: Աքսելերացիայի մասնակիցները կդառնան այս գաղափարի կիրառման առաջամարտիկներ, իսկ լավագույնին IBM-ը կխրախուսի:
Այսպիսով, մեր առաջիկա երկու նպատակները հետեւյալն են՝ Հայաստանում զարգացնել մասնագետներ, որոնք պատրաստելու են ուսանողների՝ նրանց հաղորդելով արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքներ, իսկ ուսանողներն արդեն տարբեր նախագծերի միջոցով դրանք կիրառելու են գործնականում:
Արեգ Գեւորգյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը