15:28 | 12.07.18 | Նորություններ | 19342
Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացել է հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանում գործող բիզնես հրեշտակների ցանցին։
Ցանցը ներդրողների եւ ձեռնարկությունների միավորում է, որոնք ֆինանսական միջոցներից բացի ստարտափների եւ սկսնակ ձեռնարկատերերին տրամադրում են այլ անհրաժեշտ ռեսուրսներ եւ դրական օրինակ են ծառայում նրանց համար:
Միջոցառման խոսնակներ՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը եւ Sprint Crowdfunders' Fund-ի ղեկավար Կարեն Վարդանյանը ներկայացրել են նմանատիպ ներդրումների առավելություններն ու հնարավորությունները, ինչպես նաեւ հուշել հանդիպման մասնակիցներին, թե ինչպես կարելի է դիմել բիզնես հրեշտակների օգնությանը։
«Բիզնես հրեշտակների հետ համագործակցությունը շատ տարածված եւ հաջողված աշխատանքի մեթոդ է աշխարհում, եւ մենք ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը հնարավորինս հասանելի դարձնել հայկական ստարտափների համար։ Հուսով եմ, այսօրվա մասնակիցներն այսօր ստացված տեղեկությունները կկարողանան ապագայում օգտագործել իրենց ստարտափները հաջողության հասցնելու համար», - նշել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։