16:17 | 11.06.18 | Նորություններ | 6577

«Այբ»-ը կշարունակի մասնակցությունը FAST-ի գործունեությանը

«Այբ» կրթական հիմնադրամը՝ որպես Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, շարունակելու է իր ներդրումը բերել FAST-ի կանոնադրական նպատակների իրականացմանը։

«Այբ»-ի հաղորդագրության համաձայն՝ FAST-ում իրենց ամբողջական ներդրումը կազմելու է $500 000։

«Հաշվի առնելով FAST հիմնադրամի առաքելությունը՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը՝ կարեւոր ենք համարում մեր շարունակական աջակցությունը FAST-ին եւ հայտարարում մեր երկարաժամկետ հանձնառության մասին»,- ասված է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ։

«FAST-ին մասնակցության շնորհիվ՝ մենք մեր ներդրումն ենք ունենում Հայաստանի գիտատեխնոլոգիական զարգացման մեջ, որի հիմքը մենք դրել ենք «Արարատյան բակալավրիատ» միջազգայնորեն ճանաչված հայալեզու կրթական ծրագրի մշակման շնորհիվ: Մրցունակ հանրակրթությունը հիմքն է մրցունակ բարձրագույն կրթության»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը։