13:32 | 11.06.18 | Նորություններ | 5937

Բագարանի դպրոցում «Արմաթ» լաբորատորիա է բացվել

Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom-ի հովանավորությամբ բացվել է «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ «Դասավանդի՛ր Հայաստան» եւ «Արմաթ» կրթական ծրագրերի ու մի շարք ՏՏ ընկերությունների հետ առաջին եւ հաջողված համագործակցությունը սկսվել է դեռեւս հունվար ամսին՝ Արցախի Նորշեն համայնքի «Արմաթ» ինժեներական լաբորատորայի հիմնադրմամբ:

Բագարանի լաբորատորիայում ծրագրավորման եւ ինժեներական դասընթացները կվարի «Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնակից, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցիչ Վանիկ Վարդանյանը, իսկ սեպտեմբերից Վանիկին կփոխարինի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր մասնակիցը։

«Արմաթ» ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը եւ բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։