14:32 | 22.02.18 | Նորություններ | 16560

Ամփոփվել են VivaStart ծրագրի 2017-ի արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեւական ժամանակ է՝ իրականացնում է VivaStart կրթական ծրագիրը, որի հիմքում մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների փոխանցումն է ուսանողներին:

2017-ին ծրագրից օգտվել է 79 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները եւ տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունն արդեն երկրորդ տարին շրջանավարտ ուսանողներին առաջարկում է մասնակցել մրցույթի եւ էլեկտրոնային փոստով ուղարկել առաջարկություններ եւ դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Մասնագիտական հանձնաժողովն ուսանողների աշխատանքներից հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Աննա Ավետիսյանը, Սոնա Չարչյանը եւ Քնարիկ Կիրակոսյանը, արժանացել են մրցանակի՝ Huawei 6X Premium սմարթֆոնների, իսկ երկուսը՝ Ամալյա Ալոյանն ու Նելլի Միքայելյանը՝ «ոսկե» հեռախոսահամարների:

«Գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում, շատ կարեւոր է վերլուծելը, եզրակացություններ անելն ու որոշում կայացնելը: Գուցե, մինչեւ դասընթացին մասնակցելը, ծառայություն մատուցող աշխատակցի եւ բաժանորդի շփումը դիտարկվում է այլ տեսանկյունից, սակայն վստահ եմ, որ տարբեր սպասարկման կենտրոններում անցած գործնական դասընթացներից հետո, ձեզանից շատերը բացահայտել են, որ մարդկային շփման բանալին քաղաքակիրթ հաղորդակցությունն է: Որքան լավ հիմքերի եւ հարգանքի վրա լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը. բաժանորդը՝ սպասարկման որակի, իսկ աշխատակիցը՝ բաժանորդամետ մոտեցման համար: Ուրախ եմ, որ «VivaStart ծրագրի շրջանավարտները» պահանջարկ են վայելում ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտում, այլեւ առհասարակ՝ աշխատաշուկայում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: