15:09 | 19.02.18 | Նորություններ | 4859

Հայաստանցի աշակերտներն ու ուսանողները կարող են մասնակցել Microsoft-ի մրցույթին

Microsoft ընկերությունը հրավիրում է ավագ դասարանների աշակերտներին, ուսանողներին, մագիստրոսներին եւ առաջին կուրսի ասպիրատներին մասնակցելու ամենամյա Imagine Cup միջազգային տեխնոլոգիական մրցույթին։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 15-ը։ Հարկավոր է գրանցվել այստեղ՝ նշելով նախագծի նկարագրությունը, նախատիպը եւ զարգացման անմիջական հեռանկարները։

Մրցույթի տեղական փուլը տեղի կունենա ապրիլի սկզբին՝ Microsoft-ի աջակցությամբ։

Ազգային մրցույթի շրջանակում երիտասարդ թիմերն իրենց նախագծերը կներկայացնեն փորձագետներից կազմված ժյուրիին։ Երկու՝ առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնող թիմերը կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու Արեւելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային եզրափակչին։

Այդ փուլերի հաղթողը հնարավորություն կստանա մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Imagine Cup 2018-ի եզրափակիչ փուլին եւ պայքարելու գլխավոր մրցանակի՝ $100 հազ-ի համար, ինչը պետք է օգտագործվի նախագծի հետագա զարգացման համար։

«Imagine Cup մրցույթը եզակի հնարավորություն է հայաստանցի աշակերտների եւ ուսանողների համար՝ ՏՏ ոլորտում սեփական ներուժը դրսեւորելու, նախագծերը ներկայացնելու եւ արտերկրյա փորձագետների հետ գաղափարներ կիսելու համար, ինչպես նաեւ սկսելու կարիերա կամ հիմնել սեփական բիզնեսը։ Եվ ի վերջո, սա շոշափելի մեկնարկային կապիտալ ստանալու հնարավորություն է»,- նշել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը։

Imagine Cup 2018-ի տվյալ երկրում անցկացվող այցի շրջանակում մասնագիտական ժյուրին կգնահատի գաղափարների եզակիությունը, նորարարական տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաեւ թիմերի՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով սեփական նախագծերը պատշաճ ներկայացնելու կարողությունը։

Մրցույթն ունի 3 կատեգորիա.

Mixed Reality – Ընդլայնված եւ վիրտուալ իրականության հիմքով գործադիրների մշակում։

Al – Microsoft Bot Framework-ի վրա բոտերի մշակում՝ կիրառելով Microsoft Cognitive Services-ը Windows-ով գործադիրներում, բոտերում, Xamarin-ում եւ բջջային գործադիրներում։

Big Data – Մեծ տվյալների հիմքով կանխատեսող մոդելների կառուցում՝ Microsoft Azure Machine Learning-ի կամ CNTK-ի, Blockchain տեխնոլոգիաների ծրագրերի կիրառմամբ։