16:40 | 29.11.17 | Նորություններ | 5874

2018թ. հունվարին կներկայացվի «Թվային օրակարգ 2030»-ի ճանապարհային քարտեզը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել է ՀՀ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մշակած «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:

Օրակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել են 6 ուղղությամբ թվայնացման բարեփոխումների իրականացման հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորում եւ կիբերանվտանգություն:

Հիմնական նպատակը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման եւ տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետագա քննարկումներում ներգրավել նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին եւ ներկայացնել անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ գնահատական:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ լրամշակել Թվային օրակարգը եւ հաջորդ տարի հունվարին ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ճանապարհային քարտեզով եւ կոնկրետ միջոցառումներով:

Կարող եք կարդալ նաեւ Itel.am-ի զրույցը «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանի հետ: