12:37 | 21.11.17 | Նորություններ | 7777

Storech-ը եւ Հայ-Հնդկական ՏՀՏ կենտրոնը ծրագրավորման դասընթացներ են կազմակերպում

Storech ընկերությունը, որը ներկայացնում է օնլայն առեւտուրը կառավարելու համար նախատեսված համանուն SaaS հարթակը, Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է 0-ական մակարդակից վեբ ծրագրավորման վճարովի դասընթացներ։

Itel.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հարություն Գրիգորյանը, որն էլ անցկացնելու է դասընթացները, նշում է, որ շաբաթը երկու անգամ ուսումնասիրվելու են HTML, CSS, Javascript եւ e-commerce տեխնոլոգիաները:

Նրա խոսքով՝ նպատակն է պատրաստել մասնագետների, որոնց տեխնիկական լուծումները կնպաստեն օնլայն առեւտրի շուկայի զարգացմանը։ Դասընթացի շրջանակում կազմակերպվելու են նաեւ մրցույթներ եւ միջոցառումներ՝ մրցանակներով։

Դասընթացի մանրամասները հասանելի են այստեղ:

Հարություն Գրիգորյանը, որը երկար տարիների փորձ ունի e-commerce նախագծերի ստեղծման եւ առաջխաղացման ոլորտում, ընդգծում է, որ օնլայն առեւտուրը Հայաստանում շատ դանդաղ է զարգանում՝ արտասահմանյան կայքերի սահմանափակումների պատճառով։

«Օրինակ, ՀՀ քաղաքացին կարողանում է ցանկացած իր գնել արտասահմանյան կայքերից, շատ մատչելի ներկրել, սակայն հայկական արտադրանքն արտահանելը կամ վաճառելը Amazon-ում, eBay-ում, Etsy-ում կամ Facebook-ում թվում է անհնարին։

Այժմ ծանր ժամանակաշրջան է հայկական օնլայն խանութների համար, քանի որ վերջիններս գնային քաղաքականությամբ դժվարանում են մրցակցել նույն Amazon-ի, AliExpress-ի կամ eBay-ի հետ։ Օնլայն առեւտրի հնարավորությամբ վեբ կայք ունենալը շատ թանկ հաճույք է համարվում հայկական խանութների համար»,- նշել է Հարություն Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ Storech-ն օգնում է փոքր եւ միջին բիզնեսին օնլայն առեւտրի կազմակերպման հարցում, իսկ Սիրիայից ներգաղթած քաղաքացիներին տրամադրում է անվճար օգնություն: