17:28 | 26.10.17 | Նորություններ | 5853

Կապի օպերատորները քաղաքապետարանից նախազգուշացում են ստացել

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այսօր հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների եւ ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել Երեւանում:

Քաղաքապատերանում նշել են, որ արտաքին լուսավորության եւ էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա տվյալ ընկերությունների կողմից տեղակայված օպտիկամանրաթելային մալուխների հարցում արձանագրվել են թերություններ:

Կամո Արեյանի հանձնարարությամբ մալուխների մի մասը տեղում ապամոնտաժվել է:

«Եթե Երեւանի քաղաքապետարանը, հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երեւան քաղաքի սեփականությունը հանդիսացող հենասյուների վրա մալուխներ տեղակայել, դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա, այնպես էլ պետք է տնօրինի այդ հենասյուները՝ բացահայտ տհաճ եւ անընդունելի, թափթփված տեսարան ստեղծելով: Տեխնիկական հստակ պահանջներ կան դրված, որոնք օպերատորները պարտավոր են պահպանել: Բայց, ինչպես տեսնում ենք, ոմանք կամ զլացել կամ էլ ուղղակի անտեսել են հստակ պահանջները, ինչը, բնականաբար, անհետեւանք չի կարող մնալ: Հաշվի առնելով նաեւ մեր համաքաղաքացիների շահերը՝ ովքեր, բնականաբար, չպետք է տուժեն օպերատորների թույլ տված ակնհայտ անբարեխղճության համար, մենք այսօր ձեռնպահ մնացինք այս բոլոր մալուխներն ապամոնտաժելուց՝ պայմանով, որ առավելագույն կարճ ժամկետում կարգի բերեն ամեն ինչ, այլապես կարժանանան ապամոնտաժվածների բախտին»,- ասել է Կամո Արեյանը:

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչները վստահեցրել են, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի հենասյուների վրա տեղակայված իրենց մալուխները կբերեն պատշաճ տեսքի եւ կհամապատասխանեցվեն անվտանգության ու տեխնիկական պայմանների բոլոր պահանջներին: