17:42 | 10.10.17 | Նորություններ | 9445

Գործարկվել է «Սուպեր Դավիթ» ուսուցողական նոր խաղը

Այսօր ՀՀ ԱԻՆ-ում կայացել է «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսը:

Այն ստեղծվել է ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի եւ Dasaran կրթական ծրագրի միջեւ համագործակցության արդյունքում:

Խաղի գլխավոր հերոսի նախատիպը հայկական սիրված էպոսի հերոսն է՝ Սասունցի Դավիթը, որը բոլորին հասնում է օգնության: Խաղը նպատակ ունի նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (եւ ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձեւավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման եւ վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաեւ խրախուսել իրազեկ եւ դժվար իրավիճակում օգնության հասնող երեխաներին: Առավելագույն միավորներ հավաքած եւ հաղթող ճանաչված աշակերտները կստանան արժեքավոր մրցանակներ:

Խաղը հասանելի է այստեղ:

«Խորհրդանշական է, որ խաղի շնորհանդեսը կայացավ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա նախօրեին: Այն մշակվել է բովանդակային հստակ ուղղվածությամբ ու հասցեականությամբ: Սիրելի երեխաներ, վստահ եմ, որ այս խաղի օգնությամբ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ձեր եւ ձեր շրջապատի անվտանգության ապահովմանը, որովհետեւ խաղի արդյունքում դուք ստանալու եք ոչ միայն միավորներ ու մրցանակներ, այլեւ՝ անվտանգ ապրելու երաշխիք»,- ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն էլ ընդգծել է, որ խաղի փորձարկման ժամանակ լուրջ արդյունքներ են գրանցվել: 12 օրվա ընթացքում «Սուպեր Դավիթ» խաղը խաղացել են 187186 անգամ, որը Dasaran.am կայքի համար աննախադեպ մեծ թիվ է:    

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ճապոնիայի եւ Համաշխարհային բանկի «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման  ծրագրի» (Աղետների նվազեցման եւ վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR)) աջակցության շնորհիվ: