13:34 | 29.09.17 | Նորություններ | 29239
Այսօր Երեւանում մեկնարկած 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է Հայաստանում հավաքված էլեկտրական մեքենա, ինչպես նաեւ ինքնավար մեքենայի բոլոր հանգույցների դիզայն եւ թեստավորում իրականացնող համակարգ:
Նախագիծն իրականացվում է Ինժեներական քաղաքի կողմից:
Itel.am-ի հետ զրույցում National Instruments ընկերության ծրագրերի ղեկավար Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ ներկայացնում են երկու ուղղություն՝ էլեկտրական մեքենա եւ ինքնավար մեքենայի լուծումներ:
«Ամբողջ աշխարհում այսօր փորձում են զարգացնել այդ երկու ուղղությունները, եւ դա պետք է անել նաեւ Հայաստանում: Պետք է ավելացվի էլեկտրական մեքենաների, ինքնավար կամ վարորդին օգնող համակարգերի տոկոսը: Այստեղ ներկայացված է Հայաստանում հավաքված էլեկտրական մեքենա, որն իրականում մեր ինժեներական մշակույթի շարունակությունն է: Սա նորություն չէ, եւ դեռ 1975թ. Հայաստանում առաջին անգամ հավաքվել է էլեկտրական մեքենա: Եվ մենք պետք է լինենք այդ մշակույթի շարունակողը»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը:
Ներկայացված էլեկտրական մեքենայի վրա տեղադրված են տարբեր տպիչներ, որոնք օգնում են վարորդին կողմնորոշվել մեքենայում: Խոսքը ռադարի, տեսախցիկի եւ լազերային սքաների մասին է: Սենսորների կոմպոնենտներն արտադրված չեն Հայաստանում, այստեղ կատարվում է ամբողջ համակարգի դիզայնը եւ թեստավորումը:
Ռուբեն Սիմոնյանի խոսքով՝ լուծումը թույլ է տալիս թեստավորում կատարել լաբորատոր պայմաններում` ալգորիթմների հիման վրա:
«Որպեսզի վստահ լինես, որ մեքենադ ճիշտ կպահի իրեն տարբեր իրավիճակներում, պետք է վարես մի քանի միլիոն կիլոմետր: Նման մեքենաներ արտադրողները սկզբում այդպես էլ վարվում էին, իսկ մի մասը հիմա էլ է այդպես անում: Բայց դա ժամանակի մեծ կորուստ է եւ մեծ ծախսերի հետ է կապված, որն ազդում է նաեւ մեքենայի արժեքի վրա: Մեր կողմից թեստավորման համար հարկավոր չէ վարել միլիոնավոր կիլոմետրեր հատուկ տարածքներում: Երբեմն կարող ենք մեկ սցենարը սիմուլացնել մի քանի անգամ` համոզվելու համար, որ այն ճիշտ է աշխատում»,- պարզաբանել է Ռուբեն Սիմոնյանը:
Ինքնավար մեքենայի դիզայնի եւ թեստավորման վրա աշխատում է շուրջ 20 հոգի: Առկա է համագործակցություն մի շարք արտասահմանյան հայտնի ընկերությունների հետ:
Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների եւ արտադրանքի դարբնոց դարձնելուն:
Հայաստանում ինքնավար ավտոմեքենաներին առնչվող լուծումներին Itel.am-ի նախորդ անդրադարձը հասանելի է այստեղ: