Սեպտեմբերի 27-ին Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կկայանա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ ԱրմԹեք՛17 գործարար համաժողովը:
Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների աճը:
Այս տարի համաժողովը նվիրված կլինի կիբերանվտանգության ոլորտին: Օրակարգը հասանելի է այստեղ:
Համաժողովի քննարկման գլխավոր թեմաներն են՝
● Կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները եւ ռազմավարական ուղղությունը,
● Կիբեր սպառնալիքներ եւ պաշտպանվելու հնարավորություններ՝ մասնավոր եւ հանրային հատվածում,
● Կիբերանվտանգության ապագան. իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում եւ այլն:
Նախատեսվում է, որ ԱրմԹեք'17-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ եւ պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից եւ այլն:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Հիմնական գործընկերներն են Մայքրոսոֆթը, ԱյԲիԷմ-ը, Սինոփսիսը, Յունիքոմփը, ՍոլոԼըրնը, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, ԱՄՆ ՄԶԳ-ն: