10:13 | 07.09.17 | Նորություններ | 9297

Ջրվեժում շարունակվում է «Ինժեներեկան քաղաք»-ի կառուցումը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նախօրեին այցելել է Երեւանի Ջրվեժ թաղամաս, որտեղ նախատեսվում է կառուցել «Ինժեներական քաղաքը»։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ տարածքում արդեն պատրաստ են եւ գործում են երկու թանգարաններ, գրադարան, ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։

Կատարված աշխատանքը եւ ապագա ծրագրերը նախարարին ներկայացրել է «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։

Տիեզերքի թանգարանում ներկայացված են բացառիկ նմուշներ՝ 1962-ին արձակված K2 հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, մի դետալ «Միր» հրթիռից, ականավոր հայ գիտնականնների լուսանկարներ, կենսագրականներ:

Գիտության ու տեխնիկայի թանգարանի մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին եւ միակ մեքենան՝ 70-ականների «Երազը»։

Խորհրդային միության Սիլիկոնյան հովտի՝ Խորհրդային Հայաստանի ինժեներական եւ գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, քաղաքներից ու գյուղերից։

Թանգարանի նմուշների կողքին կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ։ Առաջադեմ աշխարհում այսօր նորաձեւ էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռեւս 70-ականներին։

Արամ Սալաթյանը նշել է, որ թանգարանի մեծ մասը նվիրված է Հայաստանի ինժեներության փառավոր անցյալին: Որպեսզի պատկերն ամբողջական լինի, մի փոքր անկյուն էլ այսօրվա ինժեներական ընկերություններին է հատկացվել։

«Ինժեներական քաղաք» նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կարարեն նոր գաղափարներ, իրենցից երիտասարդներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել եւ կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբավն ամբողջ աշխարհում։

Ինժեներական քաղաքի կառուցման սպասումով տասնյակ ինժեներական  ընկերություններ գործում են ՁԻՀ բիզնես կենտրոնում։ «Այս փոքրիկ սենյակներում իրապես մեծ գործեր են կատարվում»,- ասել է Արամ Սալաթյանը։

Ինժեներներն էլ նախարարին պատմել են իրագործած նախագծերի, տեխնոլոգիական նոր միտումների վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին. 5G ցանցից մինչեւ ինքնակառավարվող մեքենա ու արհեստական բանականություն։

«Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համակարգային ինժեներ Ավագ Ծատուրյանը ներկայացրել է ինքնակառավարվող մեքենայի աշխատանքի հայեցակարգն ու այդ ուղղությամբ իրենց առաջարկած լուծումները:

Ինժեներները նշել են, որ արտասահմանցի հաճախորդները գերակշռող են, սակայն երբեմն նախագծեր են իրականացնում նաեւ հայաստանյան շուկայի համար կամ գոնե փորձարկում արդեն պատրաստի արտադրանքները Հայաստանում։