ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ու Իրաքի կապի եւ ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ Էլայաուվին այսօր Երեւանում քննարկել են ՏՏ գործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center) ստեղծելու երկու երկրների մոտեցումները: Իրաքյան կողմը նշել է, որ հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով եւ այդ ուղղությամբ նախնական քայլեր են արվում:

Բորիս Դեմիրխանյանն էլ ներկայացրել է Հայաստանի տարածքում ինտերնետ ցանցի հասանելիության ցուցանիշները, օպերատորների աշխատանքը, ներդրվող նոր տեխնոլոգիաները: Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ Էլայաուվին իր հերթին ընդգծել է, որ պատվիրակության այցի նպատակը հենց այս ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է:

Իրաքյան կողմը հետաքրքրվել է Հայաստանի թվային հեռուստատեսության ներդրման փորձով` հայտնելով, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, եւ այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։