14:18 | 18.07.17 | Նորություններ | 6168

    Էլոն Մասկն արհեստական բանականությունը համարում է ամենամեծ սպառնալիքը

    Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունը մարդկային քաղաքակրթությանը սպառնացող ամենամեծ ռիսկն է:

    Fortune-ի փոխանցմամբ՝ Մասկն ասել է, որ արհեստական բանականության դեպքերի պարագայում ավելի ճիշտ է էֆեկտիվ կարգավորումը, այլ ոչ թե արձագանքումը, «քանի որ մինչեւ արձագանքենք, արդեն շատ ուշ կլինի»:

    Նրա խոսքով՝ արհետական բանականությունը կարող է վնասել մարդկանց:

    «Նրանք կարող են, օրինակ, պատերազմ սկսել՝ կեղծ նորությունների տարածման, ինֆորմացիայի մանիպուլացման տեսքով: Գրիչն ավելի հզոր է, քան թուրը»,- շեշտել է Էլոն Մասկը:

    Հիշեցնենք, որ մարտի վերջին Էլոն Մասկը հայտարարել էր Neuralink նախագծի գործարկման մասին, որի նպատակն է ձեւավորել մարդկային ուղեղը համակարգչին միացնող համակարգեր:

    Neuralink-ը նախատեսում է մարդկային ուղեղում էլեկտրոդների տեղակայում, որն արհեստական եւ մարդկային բանականության միջեւ մշտական կապ կապահովի: Համակարգը թույլ կտա նաեւ հաշվել մարդկային ուղեղից ստացվող տվյալները, դրանք ձայնագրել թվային կրիչների վրա եւ ընդհակառակը: Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ Neuralink-ի մշակած լուծումները կընդլայնեն մարդկային բանականության հնարավորությունները եւ կբուժեն մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են էպիլեպսիան եւ պարալիչը: