17:26 | 20.06.17 | Նորություններ | 3490
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկուն:
Նախարարը բարձր է գնահատել է «Մայքրոսոֆթ» ընկերության նախագծերից մեկի` «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» աշխատանքը Հայաստանում եւ հույս հայտնել, որ ընկերությունն առաջիկայում եւս կընդլայնի իր գործունեությունը մեր երկրում, օրինակ՝ ստեղծելով լաբորատորիաներ, որոնք կզբաղվեն գիտահետազոտական աշխատանքներով:
Ռոնալդ Բինկոֆսկին էլ հայտնել է, որ հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման աջակցությամբ եւ ուրախ կլինեն այս ոլորտում կիսել իրենց գիտելիքներն ու փորձը: Նրա խոսքով՝ Հայաստանում ստարտափները խորհրդատվության կարիք ունեն հատկապես արտասահմանյան ընկերությունների հետ գործարար շփումներ հաստատելու առումով:
Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՏՏ համայնքի սկսնակ ներկայացուցիչների աջակցման նախաձեռնություններին:
Քննարկվել են նաեւ տրանսպորտի եւ երթեւեկության կառավարման նորարարական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր, այդ ուղղությամբ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները: Ռոնալդ Բինկոֆսկին նշել է, որ այս ոլորտում կարող են առաջարկել պատրաստի լուծումներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են այլ երկրներում:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում կիբերանվտանգությանը վերաբերող ծրագրերում «Մայքրոսոֆթ»-ի ներգրավվածությունը, Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման գործում ընկերության հնարավոր մասնակցությունը:
Ռոնալդ Բինկոֆսկիի՝ Itel.am-ին տված հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: