«Նոր սերնդի դպրոց» ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 2-15-ը կմեկնեն ԱՄՆ՝ ուսումնասիրելու կրթական նոր մեթոդներ եւ փոխանակելու կրթության ոլորտում ունեցած փորձը:
«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի խոսքով՝ կրթության որակի բարելավմանն ուղղված համագործակցության կոնկրետ ուղղություններ նախանշելու եւ նոր սերնդի ուսուցիչների պատրաստելու թեմայի քննարկման նպատակով նախատեսվում է հանդիպում Հարվարդի համալսարանի կրթության դպրոցում գործող Project Zero միջազգային նախագծի ներկայացուցիչների հետ։
Dasaran-ի թիմն այցելություն է նախատեսում նաեւ առաջադեմ եւ մարդակենտրոն կրթական ծրագրերի ստեղծման եւ տարածման առաքելություն ունեցող Fusion Academy:
Քննարկումների արդյունքում ձեռք բերած փորձը հետագայում կկիրառվի Dasaran կրթական ծրագրի գործունեության շրջանակում։
«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման եւ ՏՏ ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական դպրոցներում եւ կրթությունը հասանելի դարձնել բոլորին: