11:20 | 07.06.17 | Նորություններ | 4755

    Վաղը կմեկնարկի ClimateLaunchpad մրցույթը

    Վաղը՝ հունիսի 8-ին, կմեկնարկի «ClimateLaunchpad Հայաստան 2017» մրցույթը, որի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը:

    Երկրորդ տարին անընդմեջ մրցույթն իրականացվում է Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի եւ New Technology Education հիմնադրամի համագործակցության շրջանակում:

    Մրցույթը կմեկնարկի 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդեռլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 14 թիմերը, որոնք իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի եւ սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

    Ճամբարից հետո՝ հունիս-հուլիս ամիսներին, թիմերը կմասնակցեն 6-անգամյա արագացված խորհրդատվական դասընթացների ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:

    Ընտրված 3 լավագույն թիմերն արդեն Կիպրոսի Լիմասոլ քաղաքում հոկտեմբերի 17-18-ին կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10 000, €5 000 եւ €2 500 մրցանակներ: