14:24 | 02.06.17 | Նորություններ | 17769

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել են 2017թ. բնակարանաշինության աշխատանքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ն այս տարվա շինարարական աշխատանքների մեկնարկը հայտարարել են Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում:

Մինչեւ տարեվերջ Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն:

Ընդհանուր առմամբ, ծրագրից օգտվել է գյուղական 57 համայնք, որից 16-ը՝ սահմանամերձ: Բնակարանի խնդիր է լուծվել 146 ընտանիքի համար:
 
«Համայնքների զարգացումը եղել եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում: Շարունակում ենք իրականացնել ծրագրեր, որոնք պահանջում են պատասխանատվություն, նվիրում եւ տարիների հետեւողական աշխատանք: Դրանցից մեկն էլ բնակարանաշինությունն է: Այսպիսի մոտեցումը կարեւոր է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ համաչափ զարգացում ապահովելու, աղքատությունը նվազեցնելու եւ ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու համար: Այստեղ իրականացվող շինարարությունը միայն ֆիզիկական աշխատանք չէ. սա նաեւ հոգեբանական մեծ աջակցություն է, որն ավելի կարեւոր է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2017թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: