11:32 | 01.06.17 | Նորություններ | exclusive 87675

ՏՏ, գիտության եւ բիզնեսի տարբեր սերունդները՝ «Ապագային ընդառաջ»

Երեւանում մայիսի 30-ին անցկացվել է «Ապագային ընդառաջ» (Unleash the Future) տեխնոլոգիական միջոցառումը, որին մասնակցել է ՏՏ, գիտության եւ ձեռներեցության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչ: 
 
Միջոցառումը կազմակերպվել էր SmartGateVC-ի կողմից՝ FAST հիմնադրամի հետ համագործակցությամբ, «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում:

Հանդիպման նպատակն էր լրացնել հայ ձեռներեցների եւ գիտնականների սերունդների միջեւ հաղորդակցության բացը: Քննարկվել են համաշխարհային տեխնոլոգիական միտումներն ու Հայաստանի դերն այդ համատեքստում:

«Ամեն ինչ սկսվում է երազելուց: Այսօր կարեւոր օր է: Այսօր մենք տոնում ենք ապագան, մեր հիանալի եւ լայն համայնքի ապագան: Սկսում ենք որոշակիացնել մի նոր պայծառ էջ՝ հետազոտության, ձեռներեցության եւ ընկերության համատեքստում»,- ասել է Teamable ընկերության համահիմնադիր, SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:  

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել PicsArt-ի համահիմնադիր եւ գլխավոր  գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը («Արհեստական բանականության ապագան»), National Instruments ընկերության hայաստանյան տնօրեն Արամ Սալաթյանը («Hardware-ի ապագան»), «Այբ» դպրոցի տնօրեն եւ ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը («Կրթության ապագան), Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի տնօրեն եւ IntelinAir ընկերության համահիմնադիր Նաիրա Հովակիմյանը («Առաջադեմ հետազոտությունների ապագան»): Վահագն Թուխարյանն (Qaulys) ու Սամվել Մարտիրոսյանն էլ խոսել են կիբերանվտանգության ապագայի մասին:

Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են բարերար եւ գործարար, IDeA եւ FAST հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Նաիրա Հովակիմյանը, «Այբ» դպրոցի եւ FAST հիմնադրամի համահիմնադիր Տ. Մեսրոպ քահանա Արամյանը, FAST-ի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Արթուր Ալավերդյանը, FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

«Երբ խոսում ենք ապագայի արդյունաբերության ոլորտների մասին, հարցն այն է, թե ինչ հմտություններ եւ տեսլական է պետք ունենալ, եւ կարեւոր է լինել հետեւողական: Եթե հավատում եք որեւէ սցենարի, մի արեք ամեն օր ինչ-որ բան, որը հակասում է ձեր տեսլականին: Ես հավատում եմ, որ բեւեռացումը կավելանա եւ արհեստական բանականությունը լայնորեն կտարածվի, այնուամենայնիվ մարդիկ կշարունակեն որոնել ռեալ հարաբերություններ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Արմեն Օրուջյանը խոսել է ներկայում ընթացող նշանակալի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում նաեւ արհեստական բանականության միջոցով: «Չեմ կարծում, որ կրթության, առողջապահության, սննդի ոլորտների պես ուղղությունները ակտուալ կլինեն 20 տարի անց»,- նշել է նա:  

Պանելային քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ FAST հիմնադրամի մեկնարկը, «Արարատյան բակալավրիատը» եւ նմանատիպ այլ նախաձեռնություններ, Հայաստանի երկարաժամկետ պատասխանն են այս զարգացումներին: Նշվել է, որ այսօր արվածի ազդեցությունը տեսանելի կլինի մեկ տասնամյակ անց, սակայն նման նախաձեռնություններն ուժեղ եւ մրցունակ ազգի արմատներն են:

SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը կոչ է արել համայնքին լինել լինել «ընդունակ, կանգ չառնող եւ միավորված թիմ», քանի որ դա է հաջողության հասնելու գրավականը:  

SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանն էլ Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ «Ապագային ընդառաջ» միջոցառումը սերունդների միջեւ երկխոսություն հաստատելու նպատակ է հետապնդում:

«Գաղափարը հետեւյալն է՝ Հայաստանում առկա է ՏՏ ոլորտի, գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների հիանալի համայնք, առկա են տարբեր սերունդներ, եւ այս ամենը լուրջ հիմք է միավորվելու եւ Հայաստանը նոր մակարդակի հասցնելու համար: Ունենք տաղանդավոր, պայծառ, մարդկանց համայնք եւ շատ մեծ հաջողություններ ենք ունենալու. միավորվելու դեպքում ապագան պայծառ է»,- ասել է Աշոտ Արզումանյանը:

Նորաստեղծ SmartGateVC հիմնադրամի ուշադրության կենտրոնում են հայաստանյան ստարտափները, մասնավորապես՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության, Internet of Things-ի, բիոտեխնոլոգիաների եւ ֆինթեքի լուծումները:  

Նարինե Դանեղյան