14:28 | 03.04.17 | Նորություններ | 15451

Ucom-ը 100% կրթաթոշակ է տրամադրել Շիրակացու ճեմարանի սանին

Ապրիլի 1-ին Շիրակացու ճեմարանում մեկնարկեց «Շիրակացու օրեր» փառատոնը, որը ազդարարվում է տասներորդ դասարանցիների` անհատական նախագծերի ներկայացմամբ:

Փառատոնի բացման արարողության ժամանակ հավաստագրեր են հանձնվել Դիպլոմային ծրագրով սովորող` կրթաթոշակի արժանացած սաներին: Մեկ տարի շարունակ տասներորդ դասարանի սաները ընտրել, ուսումնասիրել, հետազոտել են իրենց համար կարեւոր մեկ թեմա, որն առավել հոգեհարազատ է իրենց, բավարարում է սեփական հետաքրքրությունները եւ հնարավորություն է տալիս նորարար լինել այդ թեմայի շրջանակում:

Անհատական նախագիծը MYP ծրագիրն ավարտող սաների վերջնական հետազոտական աշխատանքն է եւ միաժամանակ հիմքն այն մյուս բոլոր աշխատանքների, որոնք նրանք դեռ պետք է իրականացնեն հետագայում` թե ճեմարանում, թե ԲՈՒՀ-ում: Անհատական նախագծերի ներկայացումը նշանավորվեց կարեւոր նորությամբ. Ճեմարանը սահմանել է ճեմարանական կրթաթոշակ Դիպլոմային ծրագրում սովորողների համար, որից ամենամեծի հովանավորությունը ստանձնել է Ucom ընկերությունը:   

100% կրթաթոշակի արժանացած սան` Արմինե Կարապետյանին հանձնելով այդ մասին վկայող հավաստագիրը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընգծել է.

«Քանի որ Ucom ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում առանձնանում է հենց կրթական նախագծերում իր ներդրումներով, այսօր մենք չէինք կարող անմասն մնալ այս միջոցառումից: Արմինե Կարապետյանին հանձնելով 100% կրթաթոշակի հավաստագիր մենք եւս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ անկախ երեխայի ծնողների ու հարազատների ֆինանսական հնարավորությունից ու բնակության վայրից, խելացիությունը, լավ առաջադիմությունը, ուշիմությունը, կրթվելու ցանկությունը, նպատակասլացությունը միշտ հատուցվում է: Սա մեծ աշխարհում հայտնվելու լավ հիմք է ու մեծ աշխարհին՝ ապագայում օգտակար լինելու փայլուն հնարավորություն»:

Տասներորդ դասարանից հետո ճեմարանական սաները կարեւոր որոշման առջեւ են կանգնում. ընտրել հետագա կրթությունը ազգային ծրագրով, թե համարձակվել «անցնել ռուբիկոնն» ու դիմել Դիպլոմային ծրագրով ուսումը շարունակելու:

«Եվ այս կարեւոր քայլից առաջ, մենք` Ճեմարանի տնօրինությունը, խրախուսում ենք նրանց լինելու համարձակ եւ կատարելու վճռորոշ քայլը` առաջնորդվելով ոչ թե գումարային, այլ գիտելիքների եւ ինքնավստահության վրա հիմնավորված որոշմամբ` կարեւոր ողջ հետագա կյանքի համար: Մինչ այժմ Դիպլոմային ծրագրում սովորելու հնարավորություն ունեցել են միայն այն սաները, ովքեր կարողացել են վճարել ուսման համար սահմանված գումարը, այժմ կրթաթոշակների առկայությամբ հնարավոր դարձավ իրականացնել դա նաեւ նրանց համար, ովքեր վճարունակ չեն, բայց մեծ ներուժ ու ցանկություն ունեն ստանալու միջազգային մակարդակի կրթություն»,- ասել է ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը: