15:47 | 30.03.17 | Նորություններ | 9993

AR/VR տեխնոլոգիաները հասանելի են «Շիրակ» օդանավակայանում

ARLOOPA ընկերության նախաձեռնությամբ Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի եւ փողոցների նկարները, ինչպես նաեւ հայտնի գյումրեցիների դիմանկարները AR/VR ձեւաչափով այսուհետ հասանելի կլինեն «Շիրակ» օդանավակայանում:

Ծրագիրն իրականացվել է Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում, որը նախատեսում է Գյումրիի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացում:

ՁԻՀ-ում նշել են, որ Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում գործող Digital Pomegranate ընկերությունն առաջարկել եւ իրականացրել է դիզայներական լուծումներ օդանավակայանի համար:

Կողմերը մտադիր են աջակցել մարզի եւ Գյումրիի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների եւ ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրիի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի եւ այլ վայրերի վերափոխման, ձեւավորման գաղափարների մշակմանը:

«Մենք որոշեցինք սկսել հենց օդանավակայանից, քանի որ Գյումրի ժամանող հյուրն առաջին տպավորությունը քաղաքի մասին ստանում է հենց օդանավակայանից։ Ցանկացած այցելու պոտենցիալ պատվիրատու է ու գործընկեր, հետեւաբար պետք է բոլոր ջանքերն օգտագործենք նրանց քաղաքում երկար պահելու եւ մեր պոտենցիալը ներկայացնելու համար»,- նշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը: