Սամեր Քարամը
10:25 | 17.02.17 | Հարցազրույցներ | exclusive 37117
Փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը 26 երկրից հյուրընկալել է 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:
Սամեր Քարամը Լիբանանում բնակվող հրեշտակ ներդրող է: Նա StartUp Megaphone-ի հիմնադիրն է, որը Լիբանանի Կենտրոնական բանկի պատվերով զբաղվում է երկրի ստարտափ էկոհամակարգի իմիջի մշակմամբ: Քարամի հիմնադրած Seeqnce-ը 2012թ. Լիբանանում հիմնել է առաջին ստարտափ աքսելերատորը: Այն ներկայում Լիբանանի ԿԲ-ի աջակցությամբ $400 մլն արժողությամբ անկախ ստարտափ հիմնադրամի խորհրդատուն է: Սամեր Քարամը նաեւ Լիբանանում ամենամյա BDL Accelerate մասշտաբային տեխնո միջոցառման կազմակերպիչն է, որը ներգրավել է ավելի քան 25 հազ. այցելուի:
Itel.am-ի թղթակիցը ներկա է եղել TechChill-ին եւ զրուցել Սամեր Քարամի հետ:
- Զարգացման ի՞նչ մակարդակում է ներկայում Լիբանանի ստարտափ էկոհամակարգը:
- Կարող ենք ասել, որ Լիբանանն ամբողջ արաբական աշխարհում միակ դեմոկրատ երկիրն է: Այնտեղ բավական լավ են արտահայտված խոսքի ազատությունը, ընտրելու եւ ինքնորոշման իրավունքները: Արդյունքում երկիրը թվային եւ կրեատիվ կոնտենտի հարցերում առաջատար է. այստեղ է պատրաստվում եւ արտահանվում այն կոնտենտը, որը տարածաշրջանի մյուս երկրներում արգելված է ստեղծել՝ տեսահոլովակներ, երաժշտություն, ֆիլմեր եւ այլն:
Երեք տարի առաջ Լիբանանում ստեղծվեց անկախ հիմնադրամ, որտեղ շուրջ $400 մլն է ներդրվել: Նպատակն է հասնել նրան, որ Լիբանանը դառնա տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոնը: $400 մլն-ը բավական գումար է նման փոքր երկրի համար: Գաղափարն այն է, որ յուրաքանչյուրը, էական չէ՝ Լիբանանից, թե արտերկրից, ստեղծի այնտեղ բիզնես, որը կտարածվի տարածաշրջանում կամ աշխարհում:
Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ՝ Լիբանանը բավական հաջողակ է. միգրացիոն գործընթացը բավական պարզ է, ռեսուրսներին կարելի է հեշտ մուտք ունենալ, խտրականությունը նվազագույնի է հասցված, կեցության արժեքը մատչելի է եւ այլն: Այնպես որ, աշխարհի ցանկացած կետից կարելի է գալ Լիբանան, որը տարբերվում է արաբական աշխարհի մյուս երկրներից եւ սեփական բիզնեսը սկսել: