18:15 | 15.02.17 | Նորություններ | 28356
Beeline-ը հայտարարում է 2017թ. փետրվարի 16-ից Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին:
«Այս որոշման պատճառն է վերոնշյալ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսեւորումը Beeline բաժանորդների հանդեպ: Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 եւ ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որեւէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից:
Հաշվի առնելով վերոնշյալը Beeline-ն առաջարկեց Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին աշխատել մյուս օպերատորներին հավասար շուկայական պայմաններում եւ հաճախորդից չգանձել միջնորդավճար 1000 եւ ավել դրամ վճարման դեպքում: Ցավոք սրտի ընկերությունը ստացավ մերժում, ինչի արդյունքում ստիպված է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու սեփական եւ իր բաժանորդների շահերը»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար եւ տեղեկացնում, որ նրանք կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, Beeline կայքում, ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:
«Beeline-ն աշխատում է արդար պայմանների ձեռք բերման ուղղությամբ, ընկերությունը բաց է երկախոսության համար եւ հիմնական խնդիր է համարում հավասարաչափ եւ արդարացի վերաբերմունքի ապահովումը մեր բաժանորդների հանդեպ»,- նշել են ընկերությունում: