11:26 | 03.02.17 | Նորություններ | 14874

Ucom-ը շարունակում է աջակցել «Արմաթ» լաբորատորիաներին

Օրերս Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):    

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են վերջին տարվա ընթացքում: Սաները հմտացել են «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ:

«Մասնակցել ենք հանրապետությունում կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին ու մրցույթներին եւ հիմնականում մրցանակային տեղեր ենք զբաղեցրել: Որպես օրինակ կարող եմ նշել ական փնտրող ռոբոտների մրցույթը, որը շատերին հնարավորություն է ընձեռում իր լուման ներդնել ռազմաարդյունաբերության զարգացման մեջ եւ անել այնպես, որ ականները փնտրեն ռոբոտները, այլ ո՛չ մարդիկ», - պատմում է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Սոնա Հարությունյանը:

«Մենք միշտ հպարտանում ենք արտերկրում բնակվող հայազգի ինժեներների առաջարկած տարբեր նորարարական լուծումներով: Վստահ եմ, որ վաղն Արմաթ լաբորատորիաների սաներից շատերի անունները նույնպիսի հպարտությամբ ենք նշելու, ընդ որում հենց այստեղ՝ Հայաստանում, որը բաց է այդ լուծումների համար»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom-ը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։