15:02 | 19.01.17 | Նորություններ | 13595

Լոռին կհայտարարվի SMART մարզ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասել է, որ մեծ հույսեր են կապում մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հետ, եւ Լոռին հայտարարվելու է SMART մարզ:

Այս մասին մարզպետն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, որն աշխատանքային այցով Լոռիում էր:

Մարզպետի խոսքով՝ բացի գործող տեղեկատվական կենտրոնից՝ գարնանը սկսվելու են Վանաձորի «Թումո» կենտրոնի կառուցման աշխատանքները, ինչպես նաեւ ընթացքի մեջ է նոր SMART կենտրոնի հիմնումը:

Վարչապետն այցելել է նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների եւ սկսնակ ընկերությունների գործունեությանը:

Կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն մասնակցել է երկու հարյուր մասնագետ: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես՝ դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաեւ համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:

Վարչապետը կարեւորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը եւ հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակվել է կոնկրետ ծրագիր, որտեղ օգտագործվել են Գյումրիի տեխնոպարկի մասնագետների գաղափարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է նմանօրինակ ծրագիր մշակել նաեւ Վանաձորի համար, ուստի անհրաժեշտ է ելակետային տեղեկատվություն ունենալ հետագա աշխատանքները կազմակերպելու համար: