10:36 | 24.11.16 | Նորություններ | 4660
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագրին մասնակցում է 10 թիմ:
Ծրագրի նպատակն է աջակցել նորարարներին, սկսնակներին, ինչպես նաեւ խթանել նորամուծությունները մաքուր տեխնոլոգիաների բնագավառում:
ՁԻՀ-ում նշել են, որ 10 թիմերը, ինչպես նաեւ Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից հայտ ներկայացրած բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն այս օրերին մասնակցելու ծրագրի շրջանակում իրականացվող թեմատիկ դասընթացների շարքին, ներառյալ՝ մարքեթինգ, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում:
Ընտրված 10 թիմերին տրամադրվում է նաեւ խորհրդատվություն մենթորների կողմից, անցկացվում են գործնական աշխատանքներ՝ ներկայացված բիզնես գաղափարները/տեխնոլոգիաները կենսունակ բիզնես մոդելների վերածելու նպատակով: Թիմերի հետ իրականացվող աշխատանքի շնորհիվ նրանք կկարողանան ունենալ ներդրողներին ներկայացնելու համար պատրաստի բիզնես գաղափարներ ու տեխնոլոգիաներ՝ հետագա ֆինանսավորում ձեռք բերելու համար:
Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից եւ ֆինանսավորվում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից:
Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է ԱՄՆ-ի ամենամեծ աքսելերատոր Cleantech Open-ը: